Հայաստանյան փորձագիտական շրջանակները դեռեւս մանրամասների չեն տիրապետում այն մասին, որ ՀՀ-ի եւ Ռուսաստանի միջեւ սպառազինության մատակարարման նոր` անտոկոս վարկ է ձեւակերպվելու: «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը միայն նշեց, որ դեռեւս նախորդ տարի ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ 100 միլիոն դրամի վարկի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Մատակարարումները դեռեւս չեն սկսել՝ որքանով տեղյակ եմ, որովհետեւ վարկի ձեւակերպման գործընթացը չի ավարտվել»:
Խոսելով մյուս՝ 200 միլիոն դրամի վարկի մասին, փորձագետը նշեց, որ մատակարարումները գրեթե ամբողջությամբ կատարված են. «Նման խոշոր պայմանագրերը տարիներ են պահանջում: Եթե մատակարարումը հասցվել է ավարտին մոտ երկու տարում, դա ուշացում չէ»:
Անդրադառնալով սպառազինության մատակարարման շուրջ ՀՀ-Չինաստան հնարավոր գործակցությանը, Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ դեռեւս 90-ականներին այդ երկրից ձեռք է բերվել աչքի ընկնող զինատեսակ՝ «Թայֆուն» կոչվող համազարկային կրակի ռեակտիվ համակարգ. «Այլ գնումների մասին տեղեկություններ այս պահին չկան: Չինաստանը խոշոր ռազմարդյունաբերություն ունի, որը կազմակերպվում է հիմնականում խորհրդային արտադրության հիման վրա: Պետք է դիտարկել՝ որքանո՞վ է ձեռնտու Չինաստանից զենք գնելը, որովհետեւ Ռուսաստանից ներքին գներով ենք ձեռք բերում, բայց միաժամանակ կարեւոր է, որ ամբողջական կախվածության մեջ չլինենք Ռուսաստանից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ