Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը օրենք է բերել տոները կրճատելու՝ հիմնավորելով Աճառյանով ու աստվածներին զոհ մատուցելու հին ավանդույթով

Ապրիլ 03,2018 14:33

Այսօր ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում կառավարությունը նախագիծ ներկայացրեց փոփոխություն կատարելու «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ իրենք առաջարկում են, որ «հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ) բառերը հանվեն»: Ուշագրավ է, որ ըստ կառավարության հիմնավորման, հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) եւ Ծննդյան տոներ պետք է նախատեսվեն: Նախածննդյան տոներ չկան, ուստի առաջարկվում է դա հանել՝ որպես ոչ աշխատանքային օրեր: Ըստ կառավարության, նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից:

Աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, եւ այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը (պաշտոնը) եւ վճարվում է միջին աշխատավարձը: Սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ եւ հիշատակի օրեր, ստացվում է 36 վճարվող հանգստյան օր, ինչը, ըստ կառավարության, մեր տիպի աղքատ երկրի համար շռայլություն ու ճոխություն է:

Ավետիսյանն ասաց, որ միջազգային պրակտիկայում 222 աշխատանքային օրերը նվազագույն օրերն են: Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական տոները տոնացույցով նշելուն:

Բայց հետաքրքիրն այն է, որ նախագծի հիմնավորման մեջ կառավարությունը երկար-բարակ ներկայացրել է, թե մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը «տոն» բառը ինչպես է բացատրել, ինչ նշանակություն ունի այդ բառը, հեռավոր անցյալում աստվածներին ինչպես են զոհ մատուցել ու դա տոն համարել, անգամ ներկայացրել են ազգային նկարագրի, հայկական ոգուն բնորոշ դրսեւորումների մասին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հեգնեց, թե գնալով կառավարության նախագծերի հիմնավորումները դպրոցական ազատ թեմայով շարադրության են նմանվում: Նա հարցրեց՝ ի՞նչ կապ ունի արձակուրդի 3 օրերը հանելը պետության սոցիալ-տնտեսական համակարգերի նորմալ կենսագործունեության հետ, որ այդպես եք հիմնավորում: Փոխնախարարը պատասխանեց, որ իր ներկայացրած թվերը կապված են վճարվող հանգստյան օրերի հետ, պետք է փորձեն հունվարը, որը կարճ ամիս է, 10-12 աշխատանքային օր ունի, պահպանելով ազգային տոները՝ նաեւ հնարավորություն տան, որ աշխատեն եւ կենսագործունեությունը ապահովեն:

Փոխնախարարը խոստացավ, որ հետագայում նախագծի հիմնավորումներում հաշվարկներ կդնեն:

Ինչ վերաբերում է Հրաչյա Աճառյանին մեջբերելուն՝ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ես չգիտեմ ում մտքով է անցել հանգուցյալներին անհանգստացնել, ի՞նչ կապ ունի, որ ասում եք՝ հնում աստվածներին զոհաբերելը տոն է, հիմա կանանց տոնը տոն չէ՞, ոչ կանանց զոհաբերում ենք, ոչ էլ մատուցում ենք աստվածներին»:

Հանձնաժողովի անդամներն առաջարկեցին, որ կառավարությունը նախագիծը հետ տանի, հիմնավորումները լրացնի ու բերի, հակառակ դեպքում արդեն սպասվում է, որ հոգեւոր դասի ներկայացուցիչների կարծիքն է մտնելու նախագծի հիմնավորման մեջ, թե ինչ է տոնը եւ ինչ պետք է անել տոներին:

Կառավարության ներկայացուցիչը համաձայնեց նախագիծը շրջանառությունից առայժմ հանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30