Այսօր ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակությամբ «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ էր ներկայացվել ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի քննարկմանը:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, ծանոթանալով, թե ովքեր են այդ նախագծի հեղինակները, կարծես զարմացել էր: Նա նիստի ժամանակ որոշեց ճշտումներ անել: Նախագծի տակ, որպես հեղինակներ ստորագրել են Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Մուրադ Մուրադյանը, Արամ Հարությունյանը, Հակոբ Բեգլարյանը եւ Ալիկ Սարգսյանը:
Կոստանյանը օրենքը զեկուցող Կարինե Աճեմյանին ասաց. «Ես չեմ ուզում նվազեցնել մեր հարգարժան գործընկեր պատգամավորների օրենսդրական նախաձեռնության իրավունքը, դա իրենց իրավունքն է, բայց ես ուզում եմ ձեզ հարց տամ, մինչեւ օրենքի քննարկմանն անցնելը՝ այս բոլոր հեղինակներով այս օրենքը մշակե՞լ եք իրականում: Նույն Ալիկ Սարգսյանը, երբ Քրեական օրենսգրքում փոփոխություն է առաջարկում, դա օրինաչափ է, բայց շատ կարեւոր է, ուզում եմ հասկանամ՝ այս բոլոր հեղինակներով քննարկել ու մշակե՞լ եք էս նախագիծը»:
Աճեմյանը պատասխանեց՝ «Արդեն 9 տարի է՝ ես պատգամավոր եմ, ընդունված կարգ է, որ որեւէ պատգամավոր նույնիսկ դիմումով միանում է նախագծին կամ օրինագիծը բերվում է խմբի կողմից: Պատգամավորները տեղյակ են եւ մասնակցել են»:
Կոստանյանը հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ այսպես խմբով պատգամավորների հեղինակությամբ նախագծեր են իրենք քննարկում: Այնուամենայնիվ, Աճեմյանի պատասխանից հետո նա ասաց. «Ես ֆորմալ մասը նկատի չունեի» ու անցավ նախագծի քննարկմանը:
Նախագծի մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ