Պատմաբան Մայքլ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է այն շենքը՝ Պուշկին 4, որի բնակարաններից մեկում է ապրել ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին: Բաբայանը գրել է, որ Քաջազնունու տունը ճանաչվել է «գերակա հանրային շահ» և ենթակա է քանդման:
Aravot.am-ը մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ շենքը կքանդվի՞: «Պուշկին 2/4 շենքը ներառված է Երեւան քաղաքի հուշարձանների պետական ցուցակում: Իսկ 2-րդ հավելվածում տեղափոխման ենթակա հուշարձաններն են: Դա այն ցանկն է, որտեղ հանրային գերակա շահ ճանաչված շենքերն էին՝ Հյուսիսային պողոտան կառուցելիս: Պուշկինի 2/4 շենքը եւս 2004 թվականից այդ ցանկում է, ինչպես այլ շենքեր, որոնք հիմա էլ տեղում կանգնած են: Մշակույթի նախարարությունը բանակցել է բոլորի հետ, այդ թվում նաեւ այդ հողամասի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ, եւ նա հավաստիացրել է, որ որեւէ ձեւով չի ցանկանում այդ շենքը ապամոնտաժել:
Խնդիրը ճիշտ է արձանագրված, բայց արդեն նշեցի, որ այդ շենքը համապատասխան ցանկում է, եւ մենք էլ ուշադրություն ենք դարձնում խնդրին ու չենք կարծում, որ հուշարձանը պետք է ապամոնտաժվի կամ տեղափոխվի այլ վայր: Այդ ցանկում էր նաեւ Աֆրիկյանների շենքը, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Դրանից հետո մենք ձեռնամուխ ենք եղել, որ գործընթացը դադարեցվի, եւ 6, թե 7 շենք կանգուն են, այդ թվում՝ նաեւ Պուշկինի 2/4-ը: Բոլոր սեփականատերերի հետ տարվում են բանակցություններ` քաղաքապետարան եւ քաղաքաշինության նախարարություն: Նախնական կառավարության որոշումն էլ արդեն շրջանառվել է, որոշ խնդիրներ կան, որոնք վերջնականապես լուծում կգտնեն առաջիկա ամիսների ընթացքում»,-ասաց տիկին Սամուելյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ