Երբ ՍԴՀԿ-ն «կողմ» էր քվեարկում խորհրդարանական կառավարման համակարգի անցմանը, շատ լավ հասկանում էր վտանգը, որ կարող է ՀՀԿ-ն ձեւավորել կառավարություն եւ վարչապետի թեկնածու ներկայացնելու իրավունքը ՀՀԿ-ին է պատկանելու: Այսօր այդ մասին, «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց ՍԴՀԿ ԿՎ անդամ Նարեկ Գալստյանը: Բանախոսն այն կարծիքին է, որ չեն հաջողելու այն ուժերը, որոնք այսօր պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու եւ ՀՀԿ-ի վերարտադրության դեմ:
Նարեկ Գալստյանը տեղեկացրեց նաեւ, որ մայիսի 1-ին ՍԴՀԿ-ն հանրահավաք-երթ է կազմակերպելու Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ժամը 19:00-ին: Իրենք անդրադառնալու են առկա սոցիալական հիմնախնդիրներին:
«Հիմնականում խոսվելու է բանկային համաներման մասին. առաջարկ-պահանջ է ներկայացվելու: Խոսվելու է աշխատավորների իրավունքների, շքեղության հարկի անհրաժեշտության մասին: Անդրադառնալու ենք բիզնեսի սոցիալական պատասխանատվության` օրենքով կիրառմանը: Օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի թիվ մեկ հարկատուներից է համարվում, սակայն տեսնում ենք, որ Քաջարանն ասֆալտապատ չի: Սա օրինակ է, որը ցույց է տալիս, որ բիզնեսը չունի պատասխանատվություն այն միջավայրի նկատմամբ, որտեղից սնվում է»,- ասաց Նարեկ Գալստյանը: Հանրահավաքում հնչակյանները պուպուլիստական կոչերով հանդես չեն գալու:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» քայլարշավից: Նարեկ Գալստյանը վստահ է` այն արդյունք չի տա. «Հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, հասկանում եմ իր դրված խնդիրները, սակայն Նիկոլի գործունեությանը նույնիսկ իր գործընկերները չեն հավատում: Հայաստանում փոփոխությունները ինստիտուցիոնալ ճանապարհով պետք է լինի: Այսօր Նիկոլ Փաշինյանի իրականացրած գործընթացի վերջնագիծը, ձախողման առումով, երեւում է. քաղաքական իրավիճակը, հասարակության տրամադրությունը այնպես չէ, որ հաջողության հասնեն»:
Անդրադառնալով ընդդիմության գործունեությանն ընդհանրապես, Նարեկ Գալստյանն ասում է, որ այսօր չկա այլընտրանքային գաղափարների առաջարկ: Ասում է`իրենք հենց այլընտրանքային գաղափարներ են առաջարկում: «Պրոցես` հանուն պրոցեսի, կարծում եմ օդ կրակված փամփուշտ է»,- ասաց նա:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ