Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 9-ից ֆինանսական կայունության ապահովումը կդառնա ՀՀ կենտրոնական բանկի հիմնական նպատակ՝ ի լրումն գների կայունության ապահովման

Ապրիլ 03,2018 13:42
kentronakan bank

Հասարակությունը լավագույնս է գնահատում ֆինանսական կայունության արժեքը, քանի որ անցյալում առնչվել է ֆինանսական անկայունության ծանր դրսևորումներին, ինչպիսիք էին 90-ականներին բնակչության 11 միլիարդ դոլարի հասնող, տասնամյակների ընթացքում կուտակված խնայողությունների փոշիացումը, շուրջ 7 տասնյակ բանկերի ստեղծումը (ներկայումս ավելի քան 5 տասնյակով պակաս), որոնցից շատերին մեծ վերապահումով կարելի էր բանկ կոչել: Դրանց շարքում կային անգամ մեկ մասնաշենք չունեցող «դիպլոմատ-բանկեր», «գրպանային բանկեր», որոնց կապիտալի նվազագույն չափը համարժեք էր մեկ ռուսական արտադրության ավտոմեքենայի արժեքին (ներկայումս 30 միլիարդ դրամ է): Այդ բանկերի բացվելու, փակվելու, «փախնելու» դեպքերը դարձել էին բնականոն իրողություններ։

Սակայն, բարեբախտաբար, այդ զարգացումները ինչպես սրընթաց սկսվեցին, այնպես էլ՝ ավարտվեցին: Արդեն մեկուկես տասնամյակ է, ինչ ՀՀ-ում չի գրանցվել բանկի անվճարունակության որևէ դեպք։ Ներդրվել է ավանդների երաշխավորման համակարգ։ Երկարաժամկետ կայուն զարգացման շրջանում ավանդատուների թիվը հատել է 1 միլիոնի սահմանը, որոնցից որևէ մեկը չի առնչվել ավանդի կորստի որևէ դեպքի: Եվ սա այն պարագայում, երբ այդ մեկուկես տասնամյակը լի էր տարամասշտաբ մարտահրավերներով, այդ թվում՝ իր ծավալներով նախադեպը չունեցող, 2008թ. սկիզբ առած Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, որի արդյունքում աշխարհի անգամ ամենազարգացած երկրներում դարից ավելի կյանքի տևողություն ունեցող բանկեր սնանկացան: Հայաստանը բախվեց տնտեսական ճգնաժամի հետ (արձանագրվեց 14.1% տնտեսական անկում), սակայն ոչ` ֆինանսական ճգնաժամի: Թերևս, հենց այս էր պատճառը, որ հետճգնաժամային ժամանակահատվածում ավանդների ծավալն աճեց երկնիշ տեմպերով, այդ թվում՝ աշխարհի ամենազարգացած երկրներից, ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող անձանց ավանդների հաշվին: Դա բնականոն արձագանքն էր այն իրողության, որ ՀՀ բանակային համակարգը համաշխարհային մասշտաբով դիտարկվեց, որպես բարձր կայուն և միևնույն ժամանակ շատ զարգացած երկրներից շատ ավելի բարձր տոկոսային եկամուտ ապահովող համակարգ: Այսօր էլ մեր տարածաշրջանը բախվում է ֆինանսական անկայունության լրջագույն դրսևորումների հետ, սակայն ՀՀ ֆինանսաբանկային համակարգը չի շեղվում կայուն զարգացման հետագծից:

2015թ. տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որպես ՀՀ կենտրոնական բանկի հիմնական նպատակ ամրագրվեց նաև ֆինանսական կայունության ապահովումը: Անկախ և պրոֆեսիոնալ կենտրոնական բանկի առկայությունն այն ինստիտուցիոնալ հիմքն է, որը թույլ է տալիս ապահովել ֆինանսական կայունություն երկրում և խուսափել հարկատուների միջոցները ֆինանսական անկայունության տարածմանն հակազդելու համար գործածելուց, որի ականատեսը եղանք վերջին տարիներին շատ երկրների օրինակով։

2018թ․ սկզբի դրությամբ բանկային համակարգը բնութագրվում է ինչպես բարձր կապիտալազինվածությամբ (կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը կազմեց 18․6%, ինչը զգալիորեն գերազանցում է ՀՀ-ում գործող 12% և բազելյան կոմիտեի սահմանած 8% նվազագույն պահանջը), այնպես էլ՝ բարձր իրացվելիությամբ (ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կազմեցին 32․1% և 141.7%՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով նվազագույն սահմանաչափերը, որոնք սահմանված են 15% և 60%, համապատասխանաբար)։ Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերի կառուցվածքում կազմեց 5․5%, որը վերջին տարիներին արձանագրված ամենացածր ցուցանիշն է (2016 թվականին հատել էր 10%-ը)։ Վերականգնվել է բանկային համակարգի շահութաբերությունը։

Ֆինանսական համակարգի գործունեության արդյունքները թույլ են տալիս պնդել, որ հետևողական միկրոպրուդենցիալ և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների շարունակականությունը թույլ կտա ապահովել սահմանադրական նոր հիմնանպատակի կենսագործումը Հայաստանում:

տ․գ․թ․ Ժ․ Մխիթարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30