Բարձրագույն կրթություն ստանալը պետք է մարդու կյանքի որակն ապահովի այնտեղ, որտեղ ինքն ապրում է: Այս միտքն ասելով Ամերիկա չհայտնաբերեցի: Սակայն ինչո՞ւ մարզերում երիտասարդները հիմնականում դժգոհ են իրենց կյանքի որակից ու ինչպե՞ս են մարզային համալսարանները լուծում այս խնդիրը: Արդյո՞ք նախապես ուսումնասիրում են մարզի աշխատաշուկան ու համալսարաններում ապահովում են այն մասնագիտացումները, որոնց տիրապետելով մարզի երիտասարդությունը կլրացնի աշխատաշուկայի պահանջները, ստիպված չի լինի բարձրագույն կրթություն ստանալու համար հասնել Երևան, որն էլ խթանում է մարզից արտագաղթին: Մասնավորապես, Հայաստանի մարզերն ունեն թե՛ դպրոցների, թե՛ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների սուր կարիք: Միայն Երևանի պետական մանկավարժական համալսարանն ի զորու չէ ապահովել բոլոր մարզերի համար անհրաժեշտ մանկավարժների ու դաստիարակների պահանջը, որը պետք է ապահովեն մարզային համալսարանները: 2017-ին կրթության տեսչության կողմից ստուգվել է Սյունիքի մարզի դպրոցների մանկավարժների կադրային համապատասխանությունը գործող օրենքներին ու ծավալուն խախտումներ է արձանագրել։ Սյունիքի, հատկապես գյուղական դպրոցների տնօրեններն ու մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչությունն ինչպե՞ս վերացնեն այդ լայնածավալ խախտումները, գլուխները ո՞ր պատով տան, եթե կան դպրոցներ, որտեղ տարիներով մանկավարժի թափուր տեղի համար մրցույթներ են հայտարարվում, յուրաքանչյուր հայտարարության համար էլ դպրոցի բյուջեով չնախատեսված 6000 դրամ են վճարում <Կրթություն> թերթում հայտարարությունը հրապարակելու համար ու ոչ մի դիմող չի լինում։ Հենց այսօր Կապանի դպրոցներում կա ֆիզիկայի, աշխարհագրության ու այլ առարկաների մանկավարժների պակաս ու անհասկանալի է, թե Կրթության նախարարությունը կոնկրետ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս խնդրի լուծման նպատակով, օրինակ, Գորիսի պետական համալսարանի գործունեությունն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: Նույն վիճակն է մյուս մարզերում։
Շատ ավելի վատ է մարզերի մանկապարտեզները մանկավարժական կադրերով ապահովելու գործընթացը։ Նախադպրոցական մանկավարժության ամբիոն գործում է միայն ԵՊՄՀ-ում և Շիրակի պետական համալսարանում, այսինքն Գորիսի, Իջևանի, Գավառի համալսարաններում այդ ամբիոնները չկան, դրա փոխարեն Գավառում գործում է անհասկանալի «Մասնագիտական մանկավարժություն», Իջևանի ՊՀ-ում՝ «Ընդհանուր մանկավարժություն» ամբիոնները։
Մարզային համալսարաններում էլ տարածված մասնագիտացումներ են «Դեղագործական քիմիա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»-ը։ Տեսնես դրանց անհրաժեշտությունն ինչպե՞ս են որոշել։
Երկրում հանրակրթության ոլորտում հռչակված է համընդհանուր ներառական կրթության քաղաքականություն, որի իրականացման համար մասնագետների մեծ կարիք կա, մարզային համալսարանները վաղուց պետք է հատուկ մանկավարժության ամբիոններ ունենային,սակայն Երևանի պետական մանկավարժական համալսարանը, որպես միջազգային կառույցների ներդրումներով ու տարբեր ծրագրերով դրսի համալսարաններում այս ուղղությամբ պարբերաբար վերապատրաստված դասախոսների բանակ ունեցող, դրսի փորձը ներդրած, մասնագիտացված բուհ, պետք է իր փորձը փոխանցեր մարզային համալսարանների համապատասխան մասնագետներին այնպես, ինչպես իրենք են դրսի փորձը յուրացրել։ Դա աներ հանուն կրթության ոլորտի պետական քաղաքականության գրագետ ներդրման։ Օգներ մարզային համալսարաններում այդ մասնագիտությունների գծով մասնագետներ պատրաստելուն: Այնինչ, այս մասնագետների պատրաստման մենաշնորհը պահեց իր ձեռքում, չհամագործակցեց մարզային համալսարանների հետ և այսօր մարզային համալսարանները չունեն հատուկ մանկավարժության ամբիոններ, փոխարենը ։ Հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության քաղաքականությունն արդեն ներդրված է Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում, որտեղ ահավոր բաց կա այս մասնագիտությունների հարցում։ Լիազորված պետական մարմինն, ի դեմս Կրթության նախարարության, իր անգործությամբ պարզապես տապալում է մեր երկրի համար բացառիկ նշանակություն ունեցող պետական այս քաղաքականությունը։
Գորիսի պետական համալսարանի մասնագիտությունների ցանկում անցյալ ուսումնական տարվանից գործում է այդ ամբիոնը, այն էլ միայն հեռակա ուսուցմամբ։ Այստեղ չկա նաև «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտացումը, որի կարիքը շատ մեծ է մարզում, դրա փոխարեն կա «Դեղագործական քիմիա» մասնագիտացում: Արդյո՞ք այդ մասնագիտությունը մարզում ունի այնպիսի պահանջարկ, ինչպիսին կա նախադպրոցական կրթության ոլորտում, իհարկե՝ ոչ, հետաքրքիր է՝ ԳՊՀ-ն ունի՞ արդյոք «Դեղագործական քիմիա» մասնագիտացման համար անհրաժեշտ լիցենզիան: Մի խնդիր ևս ունեն այս համալսարանները։ Ուսուցման կազմակերպման ձևերը դեռևս միայն առկա ու հեռակա են, այնինչ ժամանակն է, որ սկսեն նաև հեռավար կրթություն կազմակերպել, որը կհեշտացնի ուսանողներին կրթության մեջ ներգրավելու գործը, ընդամենը պետք է այն նախաձեռնել։
Կարծում եմ սա հրատապ լուծում պահանջող խնդիր է մեր հանրապետության համար ու ԿԳ նախարարությունը պետք է այս ուղղությամբ հրատապ քայլեր իրականացնի։
Անահիտ Բախշյան
Կրթության փորձագետ
Զարմանալի է, որ կարող է ենթադրել, որ ՀՀ-ում որևիցէ պետական բուհ կարող է հայտարարություն տալ այս կամ այն մասնագիտությամբ ընդունելության համար և չունենալ լիցենզիա: Առավել զարմանալի է, որ փորձագետը կարող է տեղեկություն կամ կարծիք հրապարակել, առանց տվյալ ոլորտի մասին լիարժեք տեղեկատվություն ունենալու, առանց իր իսկ կողմից հորդորվող շուկայի ուսումնասիրության…Մարզային բուհերը շատ հավանական է, որ կուզենային կազմակերպել այնպիսի մասնագիտությամբ ընդունելություն, որի պահանջարկն իրոք կա, սակայն պետք է հաշվի առնել, որ պետք է բուհն էլ ունենա համապատասխան որակավորմամբ ՊԴ կազմ: Գովելի է, որ մայրաքաղաքային աթոռներին նստած մարդիկ, գոնե, հեռահար կերպով են մարզային բուհերի, մարզի բնակչությանը հուզող հարցերով: Հրաշալի կլիներ, եթե մտահոգությունները միայն թղթային մակարդակում չսահմանափակվեին,,,և չլինեն հերթական հերթական հոդված,,,