Հենց այս օրերին մեր հերոսների հիշատակը ԿԳ նախարարությունը «հարգում է» հանրային քննարկման դրված «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն» կոչվող մի պարզունակ փաստաթղթով, (այսուհետ ՌՀԴ),որտեղ որպես ներքին մարտահրավեր համարվում է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ։ Էս տողերի հեղինակները կարո՞ղ են բացատրություն տալ այն փաստին, որ այս 110 տղաներն առանց այս ՌՀԴ փաստաթղթի գոյության ինչպե՞ս իրենց կյանքով պատրաստակամորեն պաշտպանեցին ՀԱՅՐԵՆԻՔԸ ու Աստված ո՛չ անի, էլի են պաշտպանելու։ Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով եք հենց ԿԳ նախարարության թերությունների ու բացերի համար նման որակում տալիս մեր երիտասարդությանը, որն ընդամենը 2 տարի առաջ ապացուցեց ճիշտ հակառակը։ Փաստաթղթում ներքին մարտահրավեր է համարվել «օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը»-ի, «անկարգապահություն ու անդաստիարակությունը», «արտագաղթը» , «տնտեսության դանդաղ զարգացումը», «թմրամոլությունը», «թունամոլությունը» (ճիշտն ասած այս բառի իմաստը չհասկացա)։ Տեսնես այս փաստաթղթի հեղինակները տեղյա՞կ են այն միջազգային պարտավորություններին, որոնցով ՀՀ Հանրապետությունը պարտավորվել է ոչ միայն հաղորդակից լինել օտար արժեքներին, այլև դրանք ներդնել պետական կառուցվածքի մեջ, պարտավորվել է հարգել մարդու իրավունքներն ու երկրում ապահովել հանդուրժողականության մթնոլորտ։ Իսկ ամենացնցողը այս նախադասությունն է․
«ուսումնական հաստատություններում ՌՀԴ-ից բացի սովորողը ուսումնական հաստատությունից դուրս ենթարկվում է մի շարք բացասական ազդեցությունների, որոնք հակակշռում են ոչ միայն ՌՀԴ, այլև ընդհանուր դաստիարակության գործընթացին, այսինքն գոյություն ունի անբարենպաստ միջավայր, որն իր գործուն ազդեցությունն է թողնում սովորողների վրա»։
Ներողություն, բա ինչո՞ւ առկա անբարենպաստ միջավայրի համար, որի պատասխանատուները նաև ԿԳ-ն է ու մեծերս, հրապարակավ ներողություն չեք խնդրում, ձեր որակմամբ, «անկարգապահ» ու «անդաստիարակ» երիտասարդներից, որոնք կարգապահությունն ու դաստիարակվածությունը պետք է տեսնեն մեծերի մեջ, մեծերի օրինակով պիտի լինեն կարգապահ ու դաստիարակված չօգտագործեն <փողոցային արատավոր բառամթերք>, ինչպես գրված է այս թղթի վրա։
Եթե ամփոփեմ ասելիքս, ապա կառաջարկեմ այս թղթում գրված <ներքին մարտահրավերներ>-ից հետո մի սրտանց ու մեծ-մեծ տառերով ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ գրեք, թվարկեք մեծերիս մեղքերն ու ինչպես առաջարկել է իմ հարգելի գործընկեր Սերոբ Խաչատրյանը, բոլոր դպրոցներում նախագահի նկարի փոխարեն կախեք մեր անկախության ու Արցախի ազտագրման համար զոհվածների լուսանկարները։
Հ.Գ. Փաստաթղթում գրված ՆԶՊ-ի դասավանդման հետ կապված մտահոգությունները կիսում եմ ու հավելում՝ կրթությունը խոշոր ներդրումների կարիք ունի, իսկ կառավարությունը կրթության հաշվին խնայողություններ է անում ու նման թղթերով ուզում է կարգի հրավիրել երիտասարդությանը։
Անահիտ Բախշյան
Հայրենասիրության օրինակներ բազմաթիվ են, որոնք կարող են օրինակ ծառայել պատանիներին ու երիտասարդներին։ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի օրինակը բավարար կարելի է համարել այս երկրի համար հազարավոր նախագահներ աճեցնելու համար, որն այսօր պարզվում է, որ միակն է մեր երկրում։