Սիրիայի հիմնականում քրդաբնակ Աֆրին քաղաքը գրավելուց հետո Թուրքիան տեղում վարում է բնակչության թրքացման քաղաքականություն: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը:
«Թուրքիայի դրոշներով երեխաներին ուղարկում են դպրոց՝ «վերջ պատերազմին» կարգախոսներով: Սա բավականին լուրջ քաղաքականություն է Էրդողանի կողմից՝ թրքացման քաղաքականություն: Բացի այդ, փորձում են Սիրիայից Թուրքիայում հաստատված փախստականներին վերաբնակեցնել Աֆրինում»,-տեղեկացրեց փորձագետը:
Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի նշյալ քաղաքականության պատճառով Աֆրինի շրջանում քրդերն այլեւս չեն լինի մեծամասնություն. Կրթական համակարգը վերահսկելով՝ Թուրքիան կձեւավորի մի սերունդ, որը հետագայում կհպատակվի իրեն: Եթե անգամ առաջիկայում սիրիական պետականություն ստեղծվի, Աֆրինում կլինի Թուրքիայի իշխանությանը հավատարիմ բնակչություն: Եթե անգամ մի օր Թուրքիան զորքերը հետ քաշի Սիրիայից, այդ տարածքները կմնան որպես ազդեցության գոտի»:
Թուրքագետ Սոնա Սուքիասյանն էլ հավելեց, որ Աֆրինն իրեն ենթարկելու քաղաքականության մեջ Թուրքիան օգտագործում է նաեւ Իսլամի գործոնը. «Թուրքիայից կրոնական գործիչներ են գործուղվում Աֆրին»:
Սոնա Սուքիասյանը նկատեց՝ թուրքական կողմը հայտարարել է, որ շարունակելու է գործողությունները Սիրիայի այն հատվածներում, որտեղ կան քրդական ուժեր. «Սա ենթադրում է, որ Թուրքիան հասնելու է Սիրիա-Իրաք սահմանին, իսկ այդ հատվածների որոշ քաղաքներում, մասնավորապես՝ Ղամիշլի քաղաքում հայեր են ապրում: Եթե թուրքական զինուժի գործողությունները մինչեւ Իրաքի սահման շարունակվեն, հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու»:
Փորձագետի խոսքով՝ վտանգ է սպառնում նաեւ Հալեպին, որտեղ որոշ քանակության հայեր են վերադարձել բնակվելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ