ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում ներկայացրեց ԿԸՀ-ի 2016-2017-ի գործունեության մասին հաղորդումը:
«Ելքի» պատգմավոր Էդմոն Մարուքյանը բողոքեց՝ անդրադարձ չկա ՍԱՍ-ի դեպքին, անդրադարձ չկա դպրոցների տնօրենների դեպքին. «Պրոբլեմների մասին մեծ հաշվով խոսակցություն չկա, այս դեպքերի վերաբերյալ դատապարտում, ապագայում դրանց կանխարգելմանը միտված գործողություններ ինչո՞ւ չկան»:
Մուկուչյանը պատասխանեց, որ կոնկրետ գործերով դիմումները քննարկվել են ԿԸՀ-ում եւ կայացվել են որոշումներ. «Թե՛ քննարկումներ են եղել հրապարակային, թե՛ բողոքարկման գործընթացը, որեւէ միտում դա ցույց չտալու, թաքցնելու չկա: Ինչ վերաբերում է այդ դիմումների վերաբերյալ հանձնաժողովի իրավական մոտեցումներին, մենք մեր որոշումներում դրանց անդրադարձել ենք»:
Մարուքյանն ասաց՝ առաջին անգամ է եղել, որ մեզ հաջողվել է ընտրական գործընթացում այդպիսի անհերքելի ապացույցներ ձեռք բերել, գտել են, թե ով է փող բաժանողը, ինչ տեքստ պետք է ասի փող բաժանելիս, ՊՊԾ գնդից Տարոն Մարգարյանի շտաբի գրությունները. «Դրանց մասին հաղորդում ենք ներկայացրել, թերի, ձեւական բնույթ կրող որոշում կայացվեց, մերժվեց, որը բողոքարկում ենք դատարանում: Կարծում եմ, ԿԸՀ-ն պետք է սրա վերաբերյալ որոշակի դիրքորոշում ունենար, արտահայտեր, գոնե ասեիք՝ մենք դատապարտում ենք նման դեպքերը: Լավ, ԿԸՀ-ն դիրքորոշում չունի՞: Գրած էր՝ դուռը ծեծելուց հետո ինչպես գնալ բաղնիքում, կամ մեկ այլ սենյակում առաջարկել գումարը, գրություններ կան ու որեւէ անդրադարձ ձեր կողմից չկա»:
Մուկուչյանը չհամաձայնեց. «Դուք հիմա ներկայացնում եք փաստեր, որոնք եղել են բացահայտվա՞ծ, եկեք հանձնաժողովի գործառույթները նայենք, ժամկետների հետ կապված…Որեւէ ստորագիր էջ ինձնից լավ գիտեք, որ չկա, չէ՞ որ հանձնաժողովը պետք է փաստեր ընդունի, անգամ այդ պայմաններում իրավապահ մարմիններին է որոշումն ուղարկվել: Ընտրական վեճի քննության կարճ ժամկետներով պայմանավորված, հրապարակային քննություն եղել է, կողմերին ծանուցում եղել է: Հանձնաժողովն ինքն է դրանք ուղարկել դատախազություն, չի անտեսել, չի դրել կողք»:
Ըստ Մուկուչյանի, դրանք ԿԸՀ գործառույթների մեջ չմտնող են, իրենց լիազորությունների շրջանակներում իրենք լիարժեք գործել են:
«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ ընտրական ինստիտուտների նկատմամբ ժողովուրդը վստահություն ունի՞, թե՞ չունի:
Ի պատասխան՝ Մուկուչյանն ասաց, որ որեւէ այլ փորձ իրեն չի հանդիպել, որտեղ այս աստիճան հրապարակայնություն կա, ընտրողների ստորագրված ցուցակը հրապարակվել եւ գտնվել է համացանցում, որտեղ տեղամաս առ տեղամաս արդյունքներն են հրապարակվում համացանցով…Իհարկե, վստահության բարձրացումը շատ կարեւոր է եւ չենք ասում բացարձակ վստահության մակարդակին հասել ենք: Վստահության ձեւավորումը միայն մեկ կամ երկու հանձնաժողովի խնդրով չէ, բոլոր մասնակիցները պետք է դրսեւորեն ավելի ազնիվ մոտեցում»:
Արտակ Զեյնալյանն առաջարկեց, որ խորհրդարանական լսումներ հրավիրեն եւ քննարկեն, թե ինչ կարելի է անել, որ մարդիկ վստահեն ընտրությունների արդյունքին:
«Պետության լեգիտիմության հարցը ամբողջ աշխարհում որոշվում է ընտրական գործընթացի նկատմամբ վստահության մակարդակով»,- ասաց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը՝ համաձայնելով Զեյնալյանի հետ, որ ավելի մանրամասն քննարկեն, թե ինչ կարելի է անել՝ վստահությունը բարձրացնելու, օրենսդրությունը բարելավելու համար:
Մուկուչյանը դեմ չէր, որ քննարկեն:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ, իհարկե, ԿԸՀ-ն կասի, թե ես իմ գործը իմ լիազորությունների շրջանակներում արել եմ, բայց բոլորն էլ գիտեին, որ խնդիր կա: Եթե մեկը հերթ է ստեղծել, փող է բաժանում, մյուսներն էլ հերթ են կանգնել ու փող են ստանում, Մուկուչյանին ահազանգում են, Մուկուչյանն ասում է՝ ես իրավապահ մարմին չեմ, ոստիկանություն դիմեք:
Իսկ երբ փաստեր ունեն, ֆաքս կա, որեւէ ընթացք չի էլ տրվում: Ուստի ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացում չի լինի: Ըստ նրա, «մենք մեր գործը լավ ենք արել, բողոքարկել ենք, Էջմիածնի ասֆալտի հարցը բարձրացրել ենք, մնում էր դուք ձեր գործը լավ անեիք,որ վստահությունը բարձրանար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ