ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին օրեր առաջ ուշ երեկոյան հանդիպեցինք Երեւանի Մաշտոց պողոտայում՝ սպորտային հագուստով, ականջակալները դրած՝ մարդաշատ մայթով վազելիս։
Այդ ժամանակ նրա հետ զրուցելու եւ լուսանկարելու հնարավորություն չեղավ։ Ավելի ուշ փոխնախարարն ասաց, որ այդ տարածքում է ապրում եւ վազում է շաբաթական երեք-չորս օր։ Սամվել Մարգարյանն, ի դեպ, հանրության լայն շրջանակներին հայտնի ղարձավ այդ պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո, երբ պարզվեց, որ նա աշխատանքի է գնում հեծանիվով։
«Փորձում եք նաեւ ձեր օրինակո՞վ առողջ ապրելակերպ քարոզել»,- հետաքրքրվեցինք։ «Ճիշտն ասած՝ չէ, ուղղակի մարզվում եմ։ Եթե օրինակս ինչ-որ մեկի համար վարակիչ լինի, միայն ուրախ կլինեմ, բայց որ ասեմ՝ միայն դա է նպատակս, չէ՛։ Այն մի քիչ ավելի էգոիստական է։ Մենք վազորդների մեծ ակումբ ունենք, ամեն կիրակի՝ ժամը 21-ին, «Մարիոթ» հյուրանոցի մոտ կարող եք տեսնել երեսունից ավելի մարդիկ՝ իրար հետ համերաշխ վազելիս։ Իսկ մնացած օրերին մենակ եմ վազում»,- ասաց փոխնախարարը։
Քաղաքացիները վազելու ընթացքում նրան չեն ճանաչում (եթե, իհարկե, մինչեւ այդ պաշտոնում նշանակվելը ծանոթ չեն եղեք) եւ չեն փորձում մոտենալ ու ոլորտին առնչվող այս կամ այն խնդիրը բարձրաձայնել։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում