2016 թվականի ապրիլյան պատերազմը ի ցույց դրեց մեր բանակում եւ առաջնագծում առկա թերությունները եւ հետագայում բոլորը ձեռնամուխ եղան այդ թերությունների լուծմանը: Այդ կարծիքին է Հայաստանում Արցախի ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գառնիկ Իսագուլյանն ասաց՝ եթե, Աստված մի արասցե, Ադրբեջանը նույն ոճով փորձի հարձակվել, մենք զոհեր չենք ունենա:
Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմից հետո լուրջ հետեւություններ արվել են: Թվարկում է՝ առաջնագծում մշտադիտարկման սարքեր են տեղադրվել, որոշ հատվածներում բավական խորն ենք կարողանում դիտարկել թշնամու շարժերը:
Այլ մանրամասները ՝ տեսանյութում:
Գառնիկ Իսագուլյանը խստորեն դատապարտում է որոշ քաղաքագետ-փորձագետների այնպիսի հայտարարությունները, ինչպիսիք են՝ «հայկական կողմը պատրաստ է վերադարձնել այն շրջանները, որոնք Արցախի անվտանգության համար վտանգ չեն ներկայացնում»: «Նման տարածքներ գոյություն չունեն»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը, հավելելով, որ նման փաստաթղթերը քննարկման ենթակա համարելը եւ վերջնական որոշում ունենալը տարբեր բաներ են:
Գառնիկ Իսագուլյանը նաեւ հայտարարում է, որ Հայաստանը Արցախի կողքին է, բայց Արցախի փոխարեն չէ: Ասում է, որ բանակցություններ են վարվում նախկին սխալն ուղղելու եւ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար:
Aravot.am-ի հարցին՝ ասում եք պատերազմից հետեւություններ արվել են, սակայն հանրության համար ցուցիչ է նաեւ այն, որ պատասխանատվության ենթարկվողներ չեղան, իր կատարած որեւէ սխալի համար որեւէ պաշտոնյա քրեական պատասխանատվության չենթարկվեց, մինչդեռ պատերազմում 100 զոհ էինք ունեցել, ավելին՝ որոշ պաշտոնյաներ, այդ թվում նաեւ կոռուպցիոն տարբեր պատմություններում հիշատակվող ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Խաչատուրովը նոր պաշտոն ստացավ, Գառնիկ Իսագուլյանը հակադարձեց այսպես. «Համակարգում լուրջ փոփոխություններ եղան, նախարարից սկսած: Եթե լինեն մարդիկ, ում հանցանքի պատճառով եղել են զոհեր…»:
Գառնիկ Իսագուլյանը խուսափեց քրեական պատասխանատվության մասով հստակ հայտարարություն անել: Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ