Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ամսում 7 անգամ գողություն է կատարել. 7 անգամ բռնել են, հետը զրուցել, բաց են թողել. «Հրապարակ»

Ապրիլ 03,2018 12:05

Ոստիկանությունը մի տեսանյութ է տարածել, որտեղ պատմում են, թե ինչպես է Ասատուր Հովհաննիսյան անունով մի երիտասարդ մեկ ամսում 7 անգամ գողություն կատարել։

Տեսանյութը նայելիս չգիտես ինչ ասես՝ ոստիկանությանը գովե՞ս նման «հերոսության» համար, որ գող են բռնել, թե՞ ասես՝ մեր իրավապահների խելքին աշեք, գողին բռնել, հետը զրուցել, բաց են թողել։

Ուրեմն, ըստ ոստիկանության տարածած տեսանյութի, 2018 թվականի մարտի 5-ին մի կնոջ տված հաղորդման հիման վրա բացահայտել են հանցագործություն, որի հերոսն այս տղան է՝ Ասատուրը։ Նա գողացել էր ոստիկանություն դիմած կնոջ դրամապանակը` նրան պատճառելով 200 հազար դրամի վնաս։ Ոստիկանները բռնել են գողին, տարել բաժանմունք, ներկայացրել նախաքննական մարմնին՝ Քննչական կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել, ու ստորագրությամբ բաց են թողել։ Ըստ երեւույթին՝ հետը մի թեթեւ դաստիարակչական զրույց են ունեցել, ասել են, որ գողությունը լավ բան չէ, էլ չանես, նա էլ խոստացել է, որ էլ չի անի, նախաքննական մարմինն էլ հավատացել ու բաց է թողել։

Բաց թողնելուց ուղիղ երկու օր անց Ասատուրը դարձյալ գողություն է արել։ Դարձյալ բռնել են, տարել բաժին, երեւի էլի բացատրել են, որ՝ «այ տղա, քեզ չասացի՞նք՝ գողություն չանես, չե՞ս հասկանում»։ Ասատուրն էլ երեւի նորից խոստացել է՝ «լավ, էլ չեմ անի, ձյաձյա ջան», ու նորից բաց են թողել, որ գնա ու մի հատ էլ մարտի 13-ին գողություն անի։ Ի դեպ, Ասատուրն իր «հոբբիով»՝ գողությամբ զբաղվում է հիմնականում քաղաքային տրանսպորտում։

Մարտի 13-ի գողությունից չորս օր անց էլ՝ մարտի 17-ին, Ասատուրը էլի չի դիմացել ու գնացել գողություն է արել։ Դե, տրամաբանական է․ մի մարդ, ով իմանա՝ կարող է ամեն անգամ գողություն անել ու ամեն անգամ ազատ արձակվել, երեւի կմտածի, որ շատ հայրենանվեր գործ է անում, որ իրեն ամեն անգամ բաց են թողնում, կոգեւորվի ու ավելի եռանդով կշարունակի։

Մարտի 17-ին էլ են Ասատուրին ազատ արձակել, որ հետո գնա ու արդեն մարտի 26-ին եւ 27-ին իրար հետեւից գողություն անի։ Արել է, ոստիկանները բռնել են, տարել բաժին, տվել են նորից նախաքննական մարմնին՝ Քննչական կոմիտեին, որտեղ Ասատուրը 7-րդ անգամ մեղքը խոստովանել է, ու 7-րդ անգամ էլի Քննչականը բարի կամք է դրսեւորել՝ ազատ է արձակել իրենց արտոնյալ «հաճախորդին»։

Այստեղ հարց է առաջանում․ մի՞թե 7-րդ անգամից հետո գոնե ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն գլխի չեն ընկել, որ այս տղան, մնալով ազատության մեջ, գողություն է անում, մարդկանց վնաս է տալիս։ Թերեւս դրանում կարելի էր գլխի ընկնել գոնե մի 3-4 անգամից հետո։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30