Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության ներկայացուցիչը հենց այնպես չի քայլում: Նա այդպես… պայքարում է նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 03,2018 11:39

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը որոշել է յուրօրինակ նորամուծությամբ աչքի ընկնել հայրենի քաղաքական դաշտում:

Նա մարտի 31-ից Գյումրու կենտրոնից սկսել է իր քայլարշավը դեպի Երեւան, բայց մե՜ծ շրջան գործելով: Երթուղին, համենայն դեպս, ըստ իր տարածած տեղեկատվության, այսպիսին է՝ Գյումրիից՝ Սպիտակ, ապա՝ Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան, Աբովյան, իսկ վերջում՝ ապրիլի 13-ին ժամը 18:30-ին նախատեսում է հասնել Երեւան, Ազատության հրապարակ՝ հանրահավաքի:

Ի դեպ, ֆեյսբուք սոցցանցի իր էջում Ն.Փաշինյանը նաեւ ուղիղ միացմամբ ներկայացնում է այս քաղաքական քայլքի ընթացքը: Եվ երթուղու հետ կապված, հենց առաջին օրը զավեշտական միկրոդրվագ եղավ: Գյումրիում, պատահական անցորդներից մեկը, սովորական «բարեւ-բարլուսից» հետո, հետաքրքրվեց, թե ո՞ւր է այդպես քայլելով գնում Նիկոլ Փաշինյանը: Նա էլ թե՝ Երեւան:

-Բայց Երեւանը հակառակ կողմում է,- որոշեց բացատրել բարյացակամ մարդը: Իսկ Նիկոլ Փաշինյանը, թե՝ մենք մեր ճանապարհով ենք գնում:
Դե, ի՞նչ իմանար այդ քաղաքացին, որ Ն.Փաշինյանը, որոշել է «պտույտ մը» գործել Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերով, եւ հետո միայն՝ հոգնատանջ, բայց թերեւս ուրախ-զվարթ, հասնել Երեւան, ինչպես ասվում է՝ «չերեզ Մոսկվա՝ Աշտարակ»:

Հայրենի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը, իհարկե, հենց այնպես չի քայլում: Նա այդպես… պայքարում է նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Ինքնատիպ մոտեցում է, ոչինչ չես ասի:
Եվ Ն.Փաշինյանը, պատկերացրեք, անգամ հաշվարկել է, որ մոտ 300 հազար քայլ կկատարի այդ քայլարշավի ընթացքում՝ անցնելով շուրջ 200 կիլոմետր՝ պլյուս-մինուս՝ 5-10 կմ: Քայլելն, ընդհանարապես օգտակար է: Բժիշկներն են խորհուրդ տալիս: Հնարավոր է, Փաշինյանին էլ են խորհուրդ տվել, հնարավոր է, նա չի սպասել, որ բանը դրան հասնի ու նախաձեռնություն է դրսեւորել:
Եթե ավելի ճշգրիտ, ապա «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարի այս քայլարշավը իրազեկման, այսինքն՝ մարդկանց հանրահավաքի հրավիրելու, իրենց մոտեցումները ներկայացնելու, քարոզելու համար է, մի խոսքով: Այսպես ասած, հաճելին ու առողջարարն օգտակարի հետ: Գումարած՝ ռոմանտիկան. վրան, խարույկ, կիթառ, խոսքուզրույց, ջահելություն՝ շրջակա գյուղերից, հա, ու սրտացավ տատիկների ուղարկած բրդուճները: Չհաշված արդեն՝ բնապահպանական երանգները՝ գիշերակացի վայրում կամ «ճամբարում» ծառ տնկելը:

Նկատենք, որ բավական հիմնավոր է ընդդիմադիր պատգամավորը նախապատրաստվել այս քայլքին։ Երգ են գրել ու ձայնագրել, հասկանալի է՝ քայլ անելու մասին ու հենքով, խորհրդանշան են նկարել, որ կրծքանշանի տեսքով զարդարում է Փաշինյանի արշավային համազգեստը: Մի խոսքով, ատրիբուտիկան ու քարոզչատեխնոլոգիական բոլոր մանրուքները նախատեսված ու ապահովված են:
Չգիտես ինչու, լուսահոգի Չարլզ Հայդերին հիշեցի: Երիտասարդներից շատերին այդ անուն-ազգանունն, իհարկե, ոչինչ չի ասում, բայց անցյալ դարի 80-ականների վերջերին, կոնկրետ 1986-87 թվականներին, նրա անունը գրեթե ամեն օր հիշատակվում էր խորհրդային կենտրոնական հեռուստատեսության լրատվական թողարկումներում:

Բանն այն է, որ ամերիկացի աստղաֆիզիկոս Հայդերը Սպիտակ տան դիմաց գրեթե 1 տարի, կոնկրետ՝ 218 օր հացադուլ էր անում՝ այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանից պահանջելով դադարեցնել սպառազինության մրցավազքն ու հրաժարվել միջուկային զենքի գործածումից: Ամերիկյան քաղաքականությունը, իհարկե, դրանից չփոխվեց, բայց դոկտոր Հայդերը բավականաչափ նիհարեց ու այդպիսով նաեւ կազդուրվեց: Հիմա, երեւի, մեր Նիկոլինն է: Ճիշտ է, քայլքի քաղաքական ենթատեքստը այնքան համաշխարհային չէ, ինչպես Հայդերի հացադուլի դեպքում, բայց դե…
Որքան փորձեցինք մտաբերել, մեր ներքաղաքական անցուդարձում դեռ նման «զբոսանք» չէր եղել: Հիշում ենք, որ շա՜տ տարիներ առաջ սիրված դիրիժոր եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը Երեւանից ոտքով Գյումրի գնաց: Բայց դա ուխտագնացություն էր, այլ ոչ թե քաղաքական արշավ: Ուստի լիիրավ կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի քայլքը մեր երկրում քաղաքական պայքարի դրսեւորումների շարքում աննախադեպ է:
Ճիշտ է, այդ աննախադեպությանը հասարակության ու քաղաքական շրջանակների մեծ մասը, մեղմ ասած, առանձնակի լուրջ չի վերաբերվում: Թեպետ միամտություն կլիներ սպասել լուրջ վերաբերմունք: Մարդ է, ինչպես ասաց՝ իր ճամփով քայլում է: Հա, դե, կուսակիցները, զանազան հետաքրքրասերները գալիս-միանում են: Անցնող-դարձողը որպիսությունն է հարցնում:

 

Արմեն Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30