Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության եւ նրանց մարմինների խոշտանգումների դեպքերի առթիվ հարուցված 6 քրեական գործի վարույթը Արցախի իրավապահները կասեցրել են հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով։
Տեղեկությունը հաստատեց ՄԻԵԴ-ում ապրիլյան զոհերի հարազատների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ «Քրեական գործից այն նյութերը, որոնք տրամադրվում են տուժողին, ներկայացված են Եվրոպական դատարանին»,- հավելեց Զեյնալյանը։
Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների եւ խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ պատերազմի հետեւանքով տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս դիմումների մեծ մասը հենց 2016 թ., արագացված ձեւով ընդունվել է վարույթ եւ ներկայումս գտնվում է քննարկման փուլում։ Թե երբ կսկսվի գործի քննությունը, դեռ հայտնի չէ։
Անդրադառնալով հարուցված քրեական գործերին, նշենք, որ ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո Արցախի դատախազությունը հայտնեց հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ ստացված փորձաքննությունների մասին։ Քրեական գործը հարուցված է եղել ԼՂՀ քրեական օրենսգրքի 416 հոդվածի 6-րդ մասով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ)։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում