Տարիներ շարունակ ուսումնասիրելով բազմաթիվ ամուսնական զույգերի մեկը մյուսի հանդեպ ունեցած անհանդուրժողական վերաբերմունքը, խաթարված հարաբերությունները և շատ դեպքերում ամուսնալուծության հիմքերը, հանգեցի այն եզրակացության, որ պատճառների ցանկը գլխավորում են խտրական վերաբերմունքն ու ծնողական խանդը: ՀՀ-ում հարաբերությունները կարգավորելու համար հոգեբանին դիմած զույգերը նույնիսկ այդ ժամանակ են բախվում խտրական մոտեցման` հենց իսկ հոգեբանի կողմից: Մեր երկրում մեծ ճանաչում ունեցող հոգեբաններից մեկն, որը հպարտանում է իր բազմաթիվ մասնագիտական հավաստագրերով` հորդորում է կանանց տեղի-անտեղի ներողություն խնդրել ամուսիններից, շեշտելով, որ եթե նույնիսկ տղամարդը սխալ է, կինը պետք է ներողություն խնդրի:
Այս խոսքերի հավաստիությունը ստուգելու համար, որպես այցելու եղել եմ այդ տղամարդ հոգեբանի մոտ, հակաճառել եմ, պնդել եմ, որ սխալ և խտրական մոտեցում է ցուցաբերում` հաշվի առնելով, որ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հաստատում է խտրականության անթույլատրելիության սկզբունքը և ազդարարում, որ բոլոր մարդիկ, առանց սեռի տարբերության, իրենց արժանապատվությամբ և իրավունքներով ծնվում են ազատ և հավասար», հետևաբար իր դիրքորոշումը կողմնակալ է:
Զրույցը երկար տևեց, անդրադարձանք ծնողական խանդ հասկացողությանը: Հոգեբանի խոսքով դեպքեր են լինում երբ հասուն երեխային ամուսնացնելուց հետո ծնողի խանդն այնքան ուժգին է արտահայտվում, որ մայր և կին չեն կարողանում կիսել մի տղամարդու, ընտանիքում դերաբաշխումը պետք է ճիշտ լինի, յուրաքանչյուր ոք իր դերում:
Ցավոք բազմաթիվ ընտանիքներում, անկախ կրթամակարդակից, երեխայի ծնվելուց հետո այնքան սուր է արտահայտվում սկեսուրի խանդը, որ երբեմն նույնիսկ մորն արգելում են իր երեխային կրծքով կերակրել կամ երեխային առանձնացնում են ծնողից, մեկնաբանելով թե ամուսինները թող իրենց համար հանգիստ ապրեն, փոքրիկին էլ տատիկը կմեծացնի, ինչն արդեն և երեխայի և ծնողի համար հոգեբանական բռնություն է։ Հիմնականում տղամարդիկ չցանկանալով իրենց ծնողին նեղացնել` հանդուրժում և նույնիսկ ընդունում են իրենց մոր նմանատիպ վարքագիծը և դա արդեն վիճաբանությունների տեղիք է տալիս: Փոխարենը երեխայի մորն օգնելու հետծծնդյան սթրեսը հեշտությամբ հաղթահարել` ստացվում է դեռ մի բան էլ ընտանիքի անդամներն են սթրեսի ենթարկում նրան: Այս և նմանատիպ իրավիճակներ նկարագրելիս փորձում էի հասկանալ արդյոք մասնագետը փոխեց իր դիրքորոշումը` կնոջը ստիպել իր ճիշտ վարքագծի համար ներողություն խնդրել: Այնուամենայնիվ հոգեբանն իր համոզմանը մնաց` նշելով, որ իր կնոջն այդպես է սովորեցրել և ապրում են հաշտ:
Մեր երկրում մարդիկ աստիճանաբար եկել են այն գիտակցության, որ հոգեբանի մոտ այցելությունը քաղաքակիրթ դրսևորում է առկա խնդիրները հաղթահարելու համար, սակայն հոգեբանների մոտ այցելող և խորհրդատվություն ստացող զույգերն, այնուամենայնիվ, շատ հաճախ ամուսնալուծվում են և հոգեբանի խորհուրդներում, հատկապես կանայք, խտրական մոտեցում են տեսնում` նշելով, որ հոգեբանի կողմից իրենցից պահանջվող ներողամտությունը չարաշահվում է ընտանիքում` դիտարկվելով թե կին ես պետք է լռես: Կին թե տղամարդ մենք բոլորս ունենք հավասար իրավունքներ այս կյանքի բոլոր ուղիներում, բայց պարզվում է, որ մեր որակավորված հոգեբաններն այդպես չեն կարծում:
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանում ընդհանրապէս տղամարդիկը շատ բան ունեն սովորելիք, ընդհանրապէս կիներու նկատմամբ իրենց վերաբերմունքի կապակցութեամբ: Սա պարզ է:
Միայն թէ, արմատական ֆեմինիզմի ուղիով չէ, որ կատարուելու է այդ հարկաւոր հոլովոյթը: Այդ ուղին կարող է միայն վատթարացնել կացութիւնը:
Այս յօդուածում կարծես այպանում էք յատկապէս հայ հոգեբանները որոնք նշուած տեսակի խորհուրդներ կու տան կիներուն:
Խնդրում եմ մի հատ սերտէք Laura Doyle-ի գործերը: Իր նման բաներ բացատրող շատ ուրիշ կիներ ալ կան Արեւմուտքում, բայց իր պարագան յատկապէս հետաքրքրական է, որովհետեւ նա սկզբնապէս խստապահանջ ֆեմինիստ եղած է, ապա հասած է իր այժմու եզրակացութիւններուն: Հիմնական գիրքն է՝ The Surrendered Wife.
Նորէն կ’ասեմ, դեռ Հայաստանի հեռու ենք այն վիճակից ուր Լորա Տոյլի գաղափարները լայնատարած կերպով գործադրելի դառնան այդտեղ: Սակայն կարգ մը ծայրահեղական ակտիվիստներ լաւ կ’անեն նկատի առնել թէ ինչ է ասում ու բացատրում այս մասնագէտը (նա հայ չէ, հետեւաբար արդէն զինք աւելի մտիկ ընողներ կը լինեն, Հայաստանում… lol )
Ան որ իսկապէս ու լրջօրէն մտահոգ է այս նիւթերով, պէտք որ նաեւ ուսումնասիրէ The Red Pill շարժումը: Որու հեղինակը նոյնպէս կին է, եւ նախապէս ֆեմինիզմի կարկառուն դէմքերից եղած է:
Հայաստանում «արեւմտեան արժէքներ» քարոզողները չեն ուզում անշուշտ որ տեղացիները ծանօթանան արեւմտեան այս երեւոյթներին…