ՊԵԿ-ը ժամանակ առ ժամանակ կազմում ու հրապարակում է օրինապահ հարկ վճարողների ցուցակը։ Սա նոր բան է ՊԵԿ-ում եւ, կարելի է ասել, ներմուծվել է Վարդան Հարությունյանի օրոք։ Այս «մրցանակաբաշխությունը» սկսվել է 2017 թվականի առաջին եռամսյակից։ Եվ ամեն անգամ պատկերը բավականին ուշագրավ է լինում, երբ հայտնաբերում ենք, թե ովքեր են Հայաստանի ամենաօրինապահ, ամենանվիրյալ հարկ վճարողները։ Օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակի ցուցակում կան այնպիսի ընկերություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի՝ միջնորդավորված կապ ունեն ՊԵԿ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Օրինակ՝ «Յուքոմ» ընկերությունը, որ սկզբնավորման օրվանից ի վեր կապվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ, պարզվում է՝ շատ օրինապահ հարկատու է։ Նրանից օրինակ կարող են վերցնել, ենթադրենք, նրա մրցակից «Վիվա Սելը», «Բիլայնը», որոնք այս եռամսյակային ցուցակում չկան։ Օրինապահ հարկատու է նաեւ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող մեկ այլ ընկերություն՝ «Տրանս-ալյանսը», որը զբաղվում է բեռնափոխադրմամբ, ժողովրդի լեզվով ասած՝ «կարգո» էր։
Օրինապահ հարկ վճարողների մեջ է նաեւ ՀԷՑ-ը, որը ժամանակին մեղադրվում էր հսկայական չարաշահումների եւ յուրացումների մեջ եւ ռուսական ենթակայության տակ էր, հետո անցավ Տաշիրի Կարապետյանների ընտանիքին։ Վերջին երեք ամսում օրինապահ վարքագիծ է դրսեւորել նաեւ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը՝ «Գազպրոմ Արմենիան», որը երկար ժամանակ ղեկավարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։ Ասում են՝ այժմ էլ նա է դե ֆակտո ղեկավարում «Գազպրոմը»։ Հետաքրքիր է՝ «Գազպրոմն» օրինապահ հարկ վճարող է դարձել Վարդան Հարությունյանի՞ «խաթր» թե՞ նրա՝ ՊԵԿ տեղափոխվելու արդյունքում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում