2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված արյունոտ ռազմաբախումից արդեն երկու տարի է անցել։
Երեկ այս առիթով կազմակերպված հանդիսությունները ցույց տվեցին, որ ի տարբերություն իր կորուստները սգացող, բայց միաժամանակ՝ նոր ռազմաբախումին նախապատրաստվող Հայաստանի, մեր հակառակորդը ոչ միայն դասեր չի քաղել տեղի ունեցածից, այլեւ 2016 թվականի ապրիլը համարում է իրեն նոր «քաջագործությունների» մղող մեկնակետ։
Տպավորություն է ստեղծվում, թե առաջիկայում Ադրբեջանին շատ քիչ բան է հարկավոր մի նոր արկածախնդրության դիմելու եւ վերջում էլ իր «հաջողությունների» մասին ազդարարելու համար։ Բավական է գրավել մի բլուր ու մի քանի հենակետ, որպեսզի մոռացության մատնվեն հազարի չափ կորուստներն ու մի քանի հազար վիրավորները եւ երկու տարի շարունակ հնարավոր լինի մանիպուլյացիաներ անել «ադրբեջանական զենքի փայլուն հաղթանակների» առնչությամբ։
Ինչո՞վ է բացատրվում նման պահվածքը։ Այստեղ երկու հիմնական պատճառ է ուրվագծվում. Առաջինը 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի օրերին միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պասիվությունն էր, որոնք այդպես էլ հստակորեն չդատապարտեցին միակողմանի հարձակում ձեռնարկած Ադրբեջանին։
Երկրորդը Թուրքիայի հզոր աջակցությունն էր, որը ոչ միայն դիվանագիտական, այլեւ ուղղակի ռազմական ու ռազմատեխնիկական բնույթ ուներ։
Իսկ հիմա Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է նոր ռազմական գործողությունների, սակայն առայժմ իրենք էլ չգիտեն, թե երբ է ստեղծվելու նման հնարավորություն, որովհետեւ միջազգային իրադրությունը շատ արագ է փոխվում։
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը հակառակորդին արդեն համոզել է, որ հայերը պատրաստ են կենաց-մահու կռվում իրեն դիմակայել եւ հաղթել, ուստի կառչելով առաջին ժամերի չնչին ձեռքբերումներից՝ դիմել է Ռուսաստանի միջամտությանը։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ արդեն երրորդ օրվա ընթացքում նկատվում էր, որ Ադրբեջանի բանակը կարող է դիմել զանգվածային փախուստի։
Նրա պաշտպանության նախարարի ժամանումը ռազմաճակատ կանխեց նման հեռանկարը՝ ակնհայտ դարձնելով, որ Ադրբեջանը պատրաստ չէր մեծաթիվ զոհերով ուղեկցվող համեմատաբար երկարաժամկետ պատերազմի։ Դրան քիչ անց գումարվեց նաեւ հայկական առաջնագծի կահավորման եւ տեսադիտարկման սարքերով հագեցնելու գործընթացը, որը նվազեցրեց դիվերսիոն գործողությունների վտանգը։
Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ դարձավ որ հակառակորդի հաջորդ հարձակումը նույնպես հանկարծակի, բայց այս անգամ արդեն լայնածավալ բնույթ է ունենալու, որի հիմնական խաղաքարտը լինելու է ռազմաճակատի գծի կտրուկ ընդլայնման եւ զանգվածային հրետակոծությունների ու հրթիռակոծումների միջոցով սեփական քանակական առավելություններն արագորեն օգտագործելու նպատակադրումը։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում