Լրահոս
Օրվա լրահոսը

Չկան լուրջ վերլուծություններ

Ապրիլ 03,2018 10:03

Երկու տարի առաջ Ադրբեջանը մի քանի ուղղություններով հարձակում սկսեց Արցախի Հանրապետության ուղղությամբ: Սկսվեցին ակտիվ մարտական գործողություններ, որոնք մենք հետագայում անվանեցինք «ապրիլյան պատերազմ»: Արդյունքում հակառակորդին չհաջողվեց էական առաջխաղացում ունենալ, իսկ հայկական կողմն ունեցավ մարդկային կորուստներ, վիրավորներ, ինչպես նաեւ կորցրեց մի քանի դիրք Մարտակերտի շրջանում եւ կարեւոր ռազմավարական դիրք Արցախի հարավում:

Դրանք հայտնի փաստեր են, որոնք, կարծում եմ, ոչ ոք չի հերքի: Մնացածը քարոզչություն է, ընդ որում՝ երեք տեսակի. հայկական պաշտոնական, հայկական ընդդիմադիր եւ ադրբեջանական պաշտոնական: (Գուցե կա նաեւ ադրբեջանական ընդդիմադիր, բայց հաշվի առնելով հարեւան երկրում հաստատված ռեժիմը՝ այդ ձայները բարձր չեն հնչում):

Հայկական պաշտոնական քարոզչություն՝ մենք ապրիլյան պատերազմում փայլուն հաղթանակ ենք տարել: Հայկական ընդդիմադիր քարոզչություն՝ մենք փամփուշտ չունեինք, արկեր չունեինք, զինվորները հագուստ չունեին, կոշիկ չունեին, իսկ տանկերի մեջ վառելիքի փոխարեն ջուր էր լցված, որովհետեւ ամեն ինչ գողացած էր:

Ադրբեջանական պաշտոնական քարոզչություն՝ մենք (այսինքն՝ նրանք) փայլուն հաղթանակ ենք տարել, ազատագրել ենք ադրբեջանական տարածքներ եւ վաղը կազատագրենք Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Երեւանը:

Քարոզչության նպատակը, ինչպես հայտնի է, մարդկանց ուղեղները լվալն է: Այդ առումով Հայաստանում, մասնավորապես, արձանագրվել են «հսկայական հաջողություններ», եւ մեր հասարակության զգալի մասը հակված է հավատալ ցանկացած հեքիաթի՝ առանձնապես հաշվի չնստելով առողջ բանականության հետ. եթե ոչինչ չէր կրակում, եթե հրետանին ու տանկերը պարապության էին մատնված, ապա ի՞նչն է պատճառը, որ հակառակորդն առաջ չգնաց: Մի՞թե իսկապես բահերի կոթերով են հակառակորդին կանգնեցրել:

Ուրիշ հարց, որ մեր բանակը կարիք ունի ժամանակակից սպառազինության, ընդհանրապես՝ բարեփոխման, եւ այդ ուղղությամբ երկու տարում որոշ քայլեր արվել են: Ակնհայտ է նաեւ, որ բանակում կային եւ կան կոռումպացված սպաներ. նրանք սկզբում ազատվում են աշխատանքից, իսկ հետո վերականգնվում են, ոմանք էլ ուղարկվում են ՀԱՊԿ, այսինքն՝ այդ առումով երկու տարում գրեթե ոչինչ չի արվել: Բայց այդ ամենը պետք է վերլուծել հանգիստ, առանց էմոցիաների, վերլուծել մասնագիտական մակարդակով:

Բայց վատի կողքին պետք է ասել նաեւ լավը՝ ապրիլյան պատերազմի ժամանակ դրսեւորվեցին մեր ժողովրդի լավագույն որակները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. henri says:

    Ես մէկ բան կը նկատեմ այս 25 տարիներու ընթացքին ,
    Հիներու մօտ փոփոխութիւն գրեթէ չի տեսնուիր – բայց նորագոյն սերունդի մօտ զգալի զարթօնք մը կը նկատեմ ՛՛ մարդկային ՛՛ առաքինութիւններու անդաստանէն ներս , որ ուզենք չուզենք խորապէս
    կ՛ազդէ ՛՛ հայրենասիրութեան հոգին ամրապնդելու -բարոյական արժէքները գերադասելու մէջ;
    Չեմ կարծեր որ անոնք առատօրէն բաշխուող մետալներու սիրոյն կեանքերնին կը վտանգեն;
    Հիներէն շատերը պէտք են ամօթէն գետինը անցնիլ երբ ՛՛ Կրուզաւիկներով ՛՛ ազատագրուած տարածքներ կը մտնէին աւարառութիւն և կողոպուտ ընելու ; Պէտք ենք հպարտ ըլլալ որ նման սերունդ մը ծնած է նուիրեալ սակաւաթիւ անձերու հետքերուն հետեւելով .

  2. Հ.Շ. says:

    Վերլուծումը ամբողջացնելու համար, անհրաժեշտ է յիշելը նաեւ թէ Ադրբեջանի զինուորական լայնածաւալ յարձակումով ծայր տուած ապրիլ 2016-ի պատերազմը «ձգանը» հանդիսացաւ յաջորդող Յուլիսին Երեւանի մէջ ապստամբութեան արիւնալի փորձի մը: Հետեւաբար, հակառակորդը թեպէտ չհասաւ իր ռազմական հիմնական նպատակներուն, սակայն այնուհանդերձ իր ապրիլեան յարձակումով յաջողեցաւ Հայաստանը ենթարկելու քաոսային անկայունութեան վտանգին: Այդ աննախադէպ իրադարձութիւններու նկատմամբ ալ անշուշտ կան տեսակաւոր կարծիքներ, սակայն արգիլուած չէ մտածելը թէ այս առիթով յայտնաբերուեցաւ նաեւ թէ, միայն մեր բանակը չէ որ բաւարար չափով զօրեղ է ռազմադաշտի վրայ, այլ լրիւ Հայոց Պետութիւնը եւ համայն հայութիւնը հարկաւոր ու բաւարարաչափ ուժը ունին դիմադրելու, դիմանալու, բոլոր ճակատներու վրայ:

  3. gib.gibindus says:

    Ավելի շատ հիշեցնում է ՞մեկն էլ չկա մեզ խաբի՞ խնդրանք-պահանջ: Թե չէ ի՞նչ լուրջ վերլուծություն՝ լավ էլ սաղ ասեցիք: Ուրիշ բան, եթե ուզում եք,որ ձեզ խաբեն: Ընենց խաբեմ՝ Հ1-ն էլ հավատա:

  4. Լավատես says:

    Հայտնի է, որ հարձակվող կողմը մի քանի անգամ շատ կորուստ է տալիս, քան պաշտպանվող կողմը, դրա համար մեր ռազմական գլխավոր նախարարությունը պետք է կազմված լինի հարձակողական նախարարությունից ու հարձակողական ուժերը պաշտպանող պաշտպանության նախարարությունից, որ քիչ կորուստներ ունենանք հարձակման ժամանակ:
    Սրանից հետեւում է, որ ռազմական արվեստը բաղկացած է հարձակման ու պաշտպանության մշակույթից, որը ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից սկսած ու բանակով վերջացրած պետք է դաստիարակել որպես հայ մշակութային արժեք:

  5. Ruben says:

    Վերլուծելու համարան հրաժեշտ են փաստեր եւ ապացույցներ:
    Ասենք թե հայտնաբերեցինք եւ տրամադրեցինք դատարանին:
    Շարունակությունը՝ դատական գործընթաց (դատ):
    Հետեւանքը՝ մի քանի սպանություն:
    Արդյունքը՝ ոչինչ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30