Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոհանին այցելել է Թուրքմենիա և Ադրբեջան. կողմերը Բաքվում համագործակցության ութ համաձայնագիր են ստորագրել

Ապրիլ 03,2018 08:47

Իրանական Նոր Տարվա կարևոր անցուդարձերը սկսեցին պետականության առաջնորդ Խամենեու Մաշհադ քաղաք կատարած այցելությամբ և Ամանորի պատգամով։ Պրն Խամենեին Նովռուզին ավանդաբար այցելում է Մաշհադ, որը կրոնական կարևոր քաղաք է, այնտեղ է գտնվում շիա մուսուլմանների ութերորդ իմամ՝ Ռեզայի դամբարանը, որը հռչակավոր սրբավայր է․ Մաշհադը նաև երկրի առաջնորդի ծննդավայրն է, նա ծնվել է Թավրիզ քաղաքից այստեղ գաղթած հոգևորականի ընտանիքում և պարբերաբար Մաշհադում ապրել է մինչև 1977 թվականը։

Իսլամական պետության առաջնորդն այս տարին հռչակեց ներքին արտադրանքի քաջալերման և սպառման տարի, անուղղակիորեն ակնարկեց երկրին հուզող մի շարք հարցերի և հայտարարեց, որ երկրում կա խոսքի ազատություն։ Նախագահ Ռոհանին իր ամանորյա պատգամում ներկայացրեց իր կառավարության ձեռքբերումները, ցավ հայտնեց նախորդ տարվա դժբախտ պատահարների համար, անդրադարձավ անցած դեկտեմբեր ամսվա ցույցերին և դա հանդուրժելի համարեց պայմանով, որ նման ցույցերն օրինականության սահմաններում լինեն․ նա երկրորդեց երկրի առաջնորդի կոչը՝ քաջալերել ներքին արտադրանքը և օգտագործել հայրենական արտադրությունը։ Այս վերջին կոչի ներքո դեպի Իրան կատարվող արտահանումներն ավելի կդժվարանան և Հայաստան-Իրան տնտեսական կապերի հեռանկարը ևս կխաթարվի․ երկու երկրների միջև առայժմ գործում են հատուկենտ նախագծեր, ծաղկուն է ճամպրուկային բիզնեսը և կողմերը սպասում են Եվրասիական Տնտեսական Միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման։

Իրանը նոր տարին սկսում է քաղաքական, տնտեսական ու ներքին և արտաքին բազում մարտահրավերներով։ Իրանական արտարժույթը սրընթաց անկում է ապրում և երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակում է․ գործարարները և բիզնեսը արևմուտքի և հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քաղաքական հարաբերությունների կարգավորմանն են սպասում։ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը կառավարություն հրավիրելով երկու առանցքային նոր դեմքեր՝ Ազգային անվտանգության խորհրդական և Արտաքին գործերի նախարար՝ Ջոն Բոլտոն և Մայք Պոմպեո, կարծրացրել է հակաիրանյան իր քաղաքականությունը։ Նախագահ Թրամփը սպառնացել է առաջիկա մայիս ամսին չհաստատել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման համապարփակ ծրագրի հերթական դիտարկումը, իսկ դա նշանակում է Իրանի դեմ ծանր պատժամիջոցների վերսկսում։

Համաձայնագիրը ստորագրած Եվրոպական երկրները մինչ այդ փորձում են Եվրամիության անունից նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որպեսզի սահմանափակեն նրա հրթիռային փորձարկումները և՝ գործուն մասնակցությունը արաբական երկրների ներքին հարցերում։ Սրանով նրանք աշխատում են նաև փարատել ԱՄՆ Սպիտակ տան մտահոգությունները, որոնց պատճառով վերջինս սպառնացել է հետ վերցնել իր ստորագրությունը 2015 թվականին կնքված այդ կարևոր ծրագրից։

Տոնական օրերին նախագահ Ռոհանին այցելեց Թուրքմենիա և Ադրբեջան․ նա այս երկրների ղեկավարների հետ տարածաշրջանային և միջազգային հարցեր քննարկեց և կարևորեց տնտեսական ու մշակութային համագործակցության ծավալումն ու ամրապնդումը․ Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն՝ կողմերը Բաքվում համագործակցության ութ համաձայնագիր են ստորագրել, երկու երկրների նախագահները կատարել են «Դենա» մեքենաշինության համատեղ գործարանի և Արաքսի երկու ափերը միմյանց միացնող երկաթգծի բացումը․ կողմերը Ադրբեջանի Նաւթչալա շրջանում հիմնել են տարեկան տաս հազար ավտոմեքենա արտադրելու հզորությամբ մեքենաշինության գործարան և Աստարա սահմանային կետում միացրել են իրենց երկաթգծերը։

Իրանը նախատեսում է գործարկել Հնդկական օվկիանոսին հարող իր Չահբահար նավահանգիստը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանին և Եվրոպային միացնող երկաթգիծը։ Նախագահ Ռուհանին շուտով Անկարայում մասնակցելու է նաև Սիրիական հարցով Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հերթական հանդիպման։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30