Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետեւանքով տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանին Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում վիրահատում են:
Հիվանդանոցում է նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը մանկական վիրաբույժ է:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Բարեբախտաբար, երեխաների վիճակը միջին ծանրության է, միայն մի երեխա է, որ բավականին ծանր է, մեծ գործողություն իրականացվեց: Բոլորը տարբեր վնասվածքներ ունեն՝ թեթեւից մինչեւ ծանր: Հիմա ծանր վիրահատություն է, կավարտվի, այդ երեխային էլ կբերեն պալատ, կհսկեն մինչեւ առավոտ»:
Հարցին՝ որեւէ մեկի կյանքին վտանգ սպառնո՞ւմ է՝ պարոն Բաբլոյանը պատասխանեց, որ այս պահին բոլորի վիճակը «ստաբիլ է»:
Խոսելով 8-ամյա Ռուբինա Մարկոսյանիր մասին՝ Բաբլոյանն ասաց. «Բժշկական տերմինով երեւի պիտի ասենք, բայց բավականին մեծ վնասվածք է՝ ազդրի վերին երրորդականում մկանները բոլորը վնասվել են, մինչեւ ոսկոր է հասել վնասվածքը, բայց, բարեբախտաբար, ոսկորին չի վնասել, վերականգնեցին, շուտով վիրահատությունը կավարտեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ