«Տուժածների ինքնությունը արդեն պարզել ենք, 8 հոգի են ընդհանուր, որից մեկը աշխատակիցներից է, օբյեկտի մենեջերը»,- քիչ առաջ Հյուսիսային պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ-ի արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը:
Տուժածներից մեկի կյանքին՝ 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի կյանքին այս պահին վտանգ է սպառնում: Նա դեպքի ժամանակ եղել է սպասասրահում: Տուժածների մեջ է նաեւ 6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը: Փոխգնդապետն ասաց, որ, հավանաբար, նա եւ Ռուբինան քույր եւ եղբայր են:
Տուժածների մեջ ՌԴ քաղաքացիներ կան 3 հոգի, Իրանից՝ 2 հոգի, Երեւանից՝ 3 հոգի: 6, 8, 15, 16 տարեկան անչափահասներ են:
Ճշտվել է, որ պայթած 20 լիտրանոց բալոններն այսօր առավոտյան են փոխարինվել: ԱԻՆ-ից հերքում են, որ բալոնը հին է եղել, այդ դեպքում լիցքավորման պահին կպայթեր, ոչ թե հետո:
Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետեւանքով Երեւանի Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է տեղափոխվել 8 տուժած:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ