Հյուսիսային պողոտայում ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետ կապված քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը նոր տեղեկություններ փոխանցեց:
Նրա խոսքով՝ «Այս պահի դրությամբ կբացառեմ միտումնավոր տարբերակը, որովհետեւ համապատասխան կառույցների ներկայացուցիչներն աշխատում են, եւ նախնական տվյալների համաձայն՝ պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը, ինչը ակնհայտ է ներսում, նաեւ նույնը ականատեսներն են վկայում, բայց դրանք նախնական տվյալներն են: Կան վիրավորներ, ովքեր այս պահին բուժօգնություն են ստանում»:
Ահարոնյանն ասաց, որ նախնական վիրավորների թիվն իրենք 7 են նշել: Ըստ ամենայնի, պայթյունի հետեւանքով եղել են բեկորային մասնիկներ, դրանցից մարդիկ վնասվածքներ են ստացել. «Անհանգստանալու որեւէ բան չկա, միտումնավոր չի, զուտ բալոնի խնդիր է, ինչն այս պահին երեւում է»:
Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետեւանքով Երեւանի Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է տեղափոխվել 8 տուժած, որոնցից 7-ը՝ անչափահասներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ