Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ոչ միայն այս զազրելի ոճրագործությունների իրականացման, այլև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր տեղի ունեցած հայկական կոտորածների համար». Տիգրան Բալայան

Ապրիլ 02,2018 21:25

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

Հարց. Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այսօր այրված հայտարարությունը։

Պատասխան. Ձեր նշած հայտարարությունը ակնհայտորեն նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայից, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով. դպրոցի բակում երեխայի սպանությամբ, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով, դիակների խեղումներով, իրենց տան մեջ տարեցների խոշտանգմամբ ու սպանությամբ: Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ոչ միայն այս զազրելի ոճրագործությունների իրականացման, այլև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր տեղի ունեցած հայկական կոտորածների համար։ Բաքուն փորձում է դրանցից խուսափել սովորական դարձած ստի ու կեղծիքի միջոցով:

Ակնհայտ է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն է այն ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության, որ Ադրբեջանը 30 տարիներ ի վեր իրականացնում է Արցախի ժողովրդի հանդեպ` փորձելով ուժի սպառնալիքի և դրա կիրառման միջոցով ճնշել նրանց ինքնորոշման, ազատ ապրելու ու արարելու միջազգային իրավունքով ամրագրված անքակտելի իրավունքը:

Բաքուն շարունակում է մերժել Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, նաև հրաժարվելով իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումները` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակաբար խախտելով 1994-95թթ.-ի ռազմական գործողությունների և կրակի դադարեցման մասին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված եռակողմ, անժամկետ համաձայնագրերով իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: Դրա վառ օրինակն էր երկու տարի առաջ հենց այս օրը Արցախի դեմ սանձազերծած Ադրբեջանի նոր ագրեսիան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30