Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու 8 տանկի դեմ անողոք կռիվ մղած ու առնվազն 4-ը ոչնչացրած գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն անգամ սահմաններ գնալիս, այնտեղ դրական փոփոխություններ է տեսնում:
Ըստ մեր զրուցակցի, սահմանների ամրապնդման գործում ինքը ևս իր ներդրում ունի. անվադողեր է հավաքում ու հասցնում Արցախ:
«Այդ սահմանների ամեն մի սանտիմետրի համար մեր տղաներն իրենց կյանքը տվեցին, չպիտի մտածենք, որ անհնարին է, ինչ-որ բան չի փոխվելու, եթե ուզում ենք փոփոխություններ, ուրեմն մենք պետք է լինենք հենց էդ փոփոխության սկիզբը, որ կարողանանք մեր տղերքի սկսած գործը շարունակենք, իրենց կատարած սխրանքն ավելի իմաստավորենք: Ու վերջիվերջո կարողանանք միասնաբար թշնամուն հաղթել»:
Մեր զրուցակիցն ասաց, որ անվադողեր հավաքելը սկսել է հերոս եղբոր ծննդյան տոնից առաջ, սկզբում մտածել է, որ չի կարողանա գլուխ հանել, թեկուզ մի մեքենա անվադող հավաքել, քանի որ բավական դժվար է, մեծ թվով մարդիկ էլ չեն միացել, սակայն կարողացել է տասնյակ մեքենաներ ուղարկել Արցախ, ու այն դարձրել է շարունակական:
Ժորա Աբգարյանն ասում է՝ եթե ամեն հայ գիտակցի ինքն ինչ ազգի զավակ է ու ինչ առաքելությամբ է ապրում այս հողի վրա, մենք ամենաքիչը 10 տարի հետո ավելի հզոր երկիր կունենանք: «Մենք պետք է ավելի համախմբված լինենք ու ավելի շատ փոփոխությունների կարողանանք հասնել: Մենք պիտի վրեժով ապրենք, եթե մենք վրեժով չապրենք, չենք կարողանա մեր երկիրն ավելի լավը դարձնել, ավելի բարեկեցիկ: Վերջիվերջո մեր երեխաներն են վաղը մյուս օր այս երկրում մեծանալու: Եթե մենք հիմա փոփոխություններ չանենք, նույն հետևանքները փոփոխություններ չանելու մեր երեխաներ են կրելու»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե այս երկու տարվա ընթացքում որոշակի պետական աջակցություն ցուցաբերվո՞ւմ է նահատակված հերոսների ընտանիքներին: Ժորա Աբգարյանն ասաց, որ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ չեն այցելում իրենց: «Մենք ավելի շատ կապված ենք մեր կուրսանտ ուսանողի հետ, որն անընդհատ մեր տուն գնում-գալիս է, մեր տան անդամն է, մենք իրեն ընդունում ենք այնպես, ինչպես որ մեր Տիգրանին. ինքը շատ հատկանիշներ ունի, որ նման է մեր Տիգրանին, թե իր պարզ հայացքով, թե իր բարիությամբ, իր ներկայությունը մեր ընտանիքում մեզ համար մեծ փոփոխություն է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Ժորա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից