Խոստանում շարունակական աջակցություն ցուցաբերել ի հիշատակ Արցախում ականի պայթյունից զոհված HALO Trust-ի աշխատակիցների
Վաշինգտոն – ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեքի Սփիրը (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Դեյվիդ Վալադեյոն(հանրապետական, Կալիֆորնիա), Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնախմբի ամենաբարձրաստիճան անդամ և Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա)ու կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) հանդես են եկել հայտարարություններով ու հարգանքի տուրք մատուցել՝ ստանալով ողբերգական լուր այն մասին, որ The HALO Trust-ի որոշ աշխատակիցներ զոհվել և ոմանք լուրջ վնասվածքներ են ստացել Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերը ասել է. «Թեև չպայթած զինամթերք վնասազերծելիս միշտ էլ վտանգն առկա է՝ խորապես վշտացած եմ այս սարսափելի պատահարի մասին տեղեկանալով և ցավակցություն եմ հայտնում այդ անձանց ընտանիքներին: Հուսով եմ Արցախում հետաքննող մարմիններն կկարողանան արագ բացահայտել կատարվածը, և հուսով եմ, որ այս սարսափելի դեպքերը կօգնեն միջազգայնորեն լուսաբանել այն հույժ կենսական աշխատանքները, որ HALO Trust-ի պես կազմակերպություններն են իրականացնում աշխարհով մեկ: Կշարունակեմ աշխատել Կոնգրեսում իմ գործընկերների հետ՝ ապահովելու, որ ականազերծման աշխատանքները կարողանան շարունակվել առանց խոչընդոտների և հնարավորինս անվտանգ»:
Կոնգրեսական Փալոնը առաջին անգամ 20 տարի առաջ է այցելել Արցախ՝ Ամերիկայի հայկական համագումարի կողմից հովանավորված պատվիրակության կազմում: Կոնգրեսականն իր առաջին այցից հետո մի քանի անգամ վերադարձել է Արցախ, որտեղ նա անձամբ է տեղեկացել տարածաշրջանում ականազերծման աշխատանքների մասին:
«Խորապես վշտացա՝ տեղեկանալով HALO Trust-ի երեք աշխատակիցների մահվան և երկու աշխատակիցների վիրավորվելու մասին Արցախում տարածքների ականազերծման աշխատանքների ժամանակ: Սրտանց ցավում եմ զոհերի համար, և զորակցում նրանց ընտանիքներին ու գործընկերներին՝ աղոթելով նրանց բոլորի համար: Արցախի ժողովուրդը շարունակում է կրել պատերազմի կործանարար հետևանքները. Արցախում մեկ շնչի հաշվով աշխարհում ականների հետ կապված պատահարների ամենաբարձր ցուցանիշն է գրանցվում, իսկ տուժածների մեկ երրորդը երեխաներ են: Այս մեծագույն սամարացիների խիզախությունն ու անձնազոհությունը պետք է մեզ բոլորիս համար հիշեցում լինի այն մասին, որ պետք է շատ ավելին անել այս տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար, և խոստանում եմ շարունակել իմ աջակցությունը The HALO Trust-ին ու Արցախի տարածաշրջանին` ի հիշատակ նրանց», – հավելել է Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրը:
Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Վալադեյոն հայտարարել է. «Ցավում եմ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով զոհվածների համար, և զորակցում վիրավորվածներին: Այս անձիք իրենց աշխատանքը նվիրել են ուրիշների անվտանգության ապահովմանը և նրանց զոհաբերությունը երբեք չի մոռացվի: Այս ողբերգությունը հստակ հիշեցում է տարածաշրջանում մշտապես առկա վտանգի մասին: Պետք է շարունակենք այս համայնքները վերականգնելու մեր աշխատանքը, որպեսզի նրանք կարողանան ապրել առանց ականային պատահարների վախի»:
Անցյալ տարվա սեպտեմբերին կոնգրեսական Վալադեյոն մեկնել էր Արցախ՝ Կոնգրեսական պատվիրակության կազմում, որտեղ հանդիպեց The HALO Trust-ի անձնակազմի հետ` ավելի շատ տեղեկանալու սահմանի երկայնքով ականազերծման աշխատանքներին մասին: Ավելի վաղ այդ ամիս կոնգրեսական Վալադեյոն Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի (հանրապետական, Կալիֆորնիա), կոնգրեսականներ Փալոնի, Սփիրի և Շիֆի հետ համատեղ օրենքի երկկուսակցական լրացում էր առաջնորդել` շարունակական ֆինանսավորում ապահովելու Արցախում ականազերծման ծրագրերի համար: Այս լրացումն ընդունվել է որպես Ներկայացուցիչների պալատի 3354 բանաձևի քննարկման մաս, որը համախմբել է 2018 ֆինանսական տարվա (FY 2018) հատկացումների մասին օրինագծեր:
Կոնգրեսական Շիֆը հայտարարել է. «Խորապես վշտացած եմ The HALO Trust-ի երեք աշխատակիցների մահվան կապակցությամբ, ովքեր ականազերծման աշխատանքներ էին իրականացնում Լեռնային Ղարաբաղում: Հպարտ եմ աջակցությամբ, որ ԱՄՆ-ն է ցուցաբերել Արցախում բնակավայրերն ականազերծելու աշխատանքներին, և այս ողբերգությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչու է այդ աշխատանքն այդքան վտանգավոր, միևնույն ժամանակ այդքան կարևոր մարդասիրական նախաձեռնություն»:
«Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և The HALO Trust-ի ողջ համայնքին: Այսօրվա դեպքերն ընդգծում են Արցախում ականազերծման աշխատանքների համար խոշոր օժանդակության անհրաժեշտությունը, որպեսզի այդ մահացու պայթուցիկներն այլ կյանքեր չխլեն: Մենք երախտապարտ ենք զոհվածներին այս կարևոր գործին նրանց ներդրումների համար», – նշել է կոնգրեսական Շերմանը:
Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների՝ Եվրոպայի, Եվրասիայի և նոր սպառնալիքների ենթահանձնաժողովի «Նախագահի առաջարկած՝ Եվրոպայի և Եվրասիայի համար 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի քննում» խորագրով լսումների ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել սատարելԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացին, հղում կատարելով The HALO Trust-ին և հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտությանը՝ շարունակելու կյանքեր փրկող վերջինիս գործունեությունը:
Համագումարը երկար տարիներ քարոզչությունն է տարել հօգուտ Արցախի, այդ թվում 12,5 միլիոն ԱՄՆ դոլարի՝ պատմական և առաջին մարդասիրական օգնության հատկացումը քսան տարի առաջ 1998 ֆինանսական տարվա վկայության ձեռնարկմամբ: Այդ ժամանակ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովին ներկայացրած Համագումարի վկայությունում Համագումարը մեջբերել էր Հայկական Կարմիր խաչի հետ համատեղ անցկացված զեկույցն՝ ընդգծելով լուրջ մարդասիրական կարիքները, այդ թվում այն փաստը, որ «Լեռնային Ղարաբաղի տարածքում մոտավորապես 100,000 ականներ են տեղադրվել՝ անմիջականորեն սպառնալով բնակչության կյանքին, ինչպես նաև անուղղակի սպառնալիք լինելով սննդի արտադրությանը, զարգացմանը և հասարակության առողջությանը»: Համագումարը համակարծիք էր զեկույցի եզրակացությանն այն մասին, որ «այլևս չպետք է հետաձգել մարդասիրական օգնության տրամադրումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին…»:
Անցյալ շաբաթ Համագումարը ցավակցական ուղերձ էր հղել The HALO Trust-ի ընտանիքին` տեղեկանալով կազմակերպության երեք աշխատակիցների` Պավել Ակոպովի, Սամսոն Ավանեսյանի և Մարատ Պետրոսյանի ողբերգական մահվան մասին, ովքեր զոհվեցին Արցախում տարածքներն ականազերծելիս, ինչպես նաև Գարիկ Ղահիլյանի և Արամ Մկրտչյանի լուրջ վնասվածքներ ստանալու կապակցությամբ:
Ամերիկայի հայկական համագումար
Լուսանկարում` Դեյվիդ Վալադեյոն (հանրապետական, Կալիֆորնիա) Արցախում The Halo Trust-ի հետ ծանոթանում է ականազերծման աշխատանքներին