Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) երկրները, որոնց թվում է նաեւ Հայաստանը, ընդլայնում են կանանց տնտեսական հնարավորությունները, այդուհանդերձ բռնության դեմ օրենքների ընդունման հարցում հապաղում են: Այսպիսի կարծիք են հայտնել Համաշխարհային բանկի փորձագետները՝ «Կանայք՝ գործարարություն եւ օրենք 2018» զեկույցում: Զեկույցի հեղինակները փաստում են, որ ԵԿԱ տարածաշրջանի երկրները գենդերային հավասարության հարցում պայմաններ են ապահովել առաջընթացի համար: Ըստ զեկույցի, տարածաշրջանի երկրները վերջին երկու տարում իրականացրել են օրենսդրական 15 բարեփոխում՝ ուղղված տնտեսական կյանքում կանանց մասնակցությանը:
Համաշխարհային բանկի այս զեկույցում առաջարկվում է գնահատել 100 բալանոց սանդղակով, թե բարեփոխման ծրագրերը երկրները որ ոլորտում ինչպես են իրականացրել: Ինչ վերաբերում է կանանց դեմ բռնությանը, ապա այս հարցում տարածաշրջանը հավաքել է 59 բալ: Զեկույցի մասնագետները նշում են, որ Հայաստանում, Ռուսաստանում եւ Ուզբեկստանում չկա ընտանեկան բռնության մասին օրենք եւ կանանց առհասարակ բռնությունից պաշտպանելու համար տարածաշրջանում դեռ շատ անելիքներ կան:
ՀԲ փորձագետները վկայում են, որ այս առումով առաջընթաց է գրանցվել Լիտվայում, որտեղ ընդունվել է կրթության ոլորտում սեռական ոտնձգությունների արգելքի եւ աշխատավայրում սեռական ոտնձգությունների դեմ քաղաքացիական միջոցների կիրառման մասին նոր օրենք:
Ադրբեջանում եւ Մոլդովայում, նույն աղբյուրի փոխանցմամբ, բարեփոխումների արդյունքում ուժի մեջ է մտել տղամարդկանց եւ կանանց համար նույն տարիքում կենսաթոշակի գնալու օրենսդրությունը՝ միեւնույն վճարով: Իսկ Ալբանիայում եւ Մոլդովայում վճարովի արձակուրդ է սահմանվել երեխայի հայրերի համար, որոնք երեխայի համար հոգ կտանեն, ինչը մայրերին հնարավորություն կընձեռի ընտանիք կազմելուց հետո աշխատանքը շարունակել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ