Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում զոհված «լույսի կտոր Ադամի» լուսանկարը անբացատրելի կապով կապել է երիտասարդ Մանեին իր հետ

Ապրիլ 02,2018 17:03

«Տեսնում ենք, որ ցավոք, Եռաբլուրը ուխտատեղի է դարձել: Ինձ սփոփում է ժողովրդի այս մեծ հոսքը, սերը՝ մեր հերոս տղաների հանդեպ ու ցավոք, այստեղ դարձավ ուխտատեղի: Մենք ճանապարհին, որ գալիս էինք, տեսանք նույն իրավիճակը, ինչ ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիրում է: Ցավում եմ, ես կուզեի, որ ավելի լավ առիթներով հիշեինք, բայց, ինչ խոսք, իրենք նաեւ իրենց հերոսությամբ կարողացան շատ-շատ մեծ բան անել եւ կրթել մի նոր սերունդ: Մի մեծ հեղափոխություն նրանք արեցին մարդկանց մեջ՝ դաստիարակություն փոխվեց, մտածելակերպ փոխվեց, շատ բան փոխվեց»,- այսօր Եռաբլուրում մեզ հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ տիկին Գայանեն:

Նա ասաց, որ Ադամի մահը շատ բան է սովորեցրել՝ սկսած հայրենիքը սիրելուց, ամեն թուփը, քարը ավելի արժեւորելուց. «Շատ բան փոխվեց»:

Ադամի շիրիմին մինչ օրս բազմաթիվ նամակներ, սիրո խոստովանություններ են թողնում: Տիկին Գայանեն ասաց, որ կարդում է դրանք, հիմնականում սիրո խոստովանություններ են. «Ծանոթանում ենք եւ դառնում են մեր ընտանիքի համար շատ հարազատ մարդիկ: Պատկերացրեք, հրաշք երիտասարդություն է, ամբողջ ապագան այդ սերնդի վրա է: Մեր տղաները սահմանին իրենց հերոսությունն արեցին, վերջիվերջո, նահատակված հերոսները սրբացած հերոսներ են, կարծես երկնքից իջնում են, իրենց առաքելությունը կատարում եւ նորից վերադառնում են երկինք, իսկ այս երիտասարդությունը, որն ապրում է, իրենք էլ իրենց հերթին են հերոսներ: Նամակներ գրողները իրենք ազնվագույն մարդիկ են, հնարավոր չի իրենք վատ մարդ լինեն: Մեր երկրի ապագան իրենց ձեռքում է»:

Տիկին Գայանեն պատմեց, որ Ադամին նամակ գրող երիտասարդներից մեկը իրեն խոստովանել է՝ «Ասաց՝ երբ որ խնդիր եմ ունենում, գալիս եմ, զրուցում եմ շիրիմին, անցնում է»:

Ադամին բացարձակ անծանոթ 20-ամյա մի աղջիկ՝ Մանե Հովհաննիսյանը ներկայումս վարում է Ադամի ֆեյսբուքյան էջը եւ մտերմացել է Ադամի հարազատների հետ. «Իր հետեւում կանգնած են հազարավոր երիտասարդ աղջիկներ»,- ասաց տիկին Գայանեն եւ ծանոթացրեց Մանեի հետ:

Մանեն ասաց, որ համացանցում տարածված Ադամի լուսանկարն է իրեն ստիպել, որ այդ քայլն անի. «Լուսանկարի մեջ ինքն այնքան լուսավոր ու հետաքրքիր էր, որ ստիպեց ինձ նման քայլի գնամ: Ինձ թվում է՝ մենք անբացատրելի կապով ենք կապված: Ամեն օր աշխարհի բոլոր անկյուններից գրում են Ադամի էջին, երախտագիտական խոսքեր են գրում, բանաստեղծություններ նվիրում հերոսին: Շատերը գրում են, որ Ադամի անունով կկոչեն իրենց զավակին: Չգիտեմ՝ Ադամի պատվին դրել են, թե ոչ, բայց ես հաստատ կանեմ»:

Ադամի այդ լուսանկարը տեսնելով՝ շատերը նրան անվանել էին՝ «լույսի կտոր Ադամ»: Մանեն ասաց, որ ամենատպավորիչն իր համար այն գրառումն էր, որ «Եռաբլուրում այլեւս մութ չի լինի, լույս Ադամն է այնտեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30