Ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ տիկին Անահիտն այսօր Եռաբլուր էր այցելել՝ որդու շիրիմին:
«Չեմ հավատում, որ ինքը մահացել է: Ես գիտեմ, որ ինքը հիմա գալու է: Գիտեմ, որ ինքը դեռ մնացել է Ղարաբաղում ծառայության, բայց արդեն՝ որպես սպա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Տիկին Անահիտը որդու հետ վերջին անգամ խոսել է մարտի 31-ին: Ապրիլի 2-ին տագնապալի երազ է տեսել, որդին կանչել է իրեն՝ «մամա՛, օգնի՛ր»: Մինչ այսօր հիշում է այդ երազը, հիշում է անգամ ժամն ու րոպեն, երբ վեր է թռել հոգին տանջող երազից. «Վեր թռա…գնդակների ձայներ լսեցի 3 հատ ու ասես սրտիցս բան դուրս թռավ…ամսի 4-ին պատի ժամացույցը կանգնեց ու հասկացա՝ ինչ-որ բան այն չէ…Ինձ մինչեւ ապրիլի 10-ը խաբեցին, ասեցին, որ քո որդին ողջ է: Ինձ ամսի 10-ին են այդ անակնկալը մատուցել: Ինձ ասում էին՝ մի երկու օր էլ սպասիր, քո որդու ձայնը կլսես ու այդպես անակնկալ ինձ մատուցեցին»:
Գրիգորի Եղբայրը հիմա ծառայում է Արարատում, գոհ է իր ծառայությունից. «Իր եղբոր հերոսական ոգին իր մեջ է: Ինքն ուզում էր գնար, որ վրեժ լուծեր, ես թույլ չտվեցի, որ Ղարաբաղ գնա: Խնդրեցի մեր պաշտպանության նախարարին, որ ինքը մոտակա վայրերում ծառայի: Ինքը շատ էր ուզում Ղարաբաղ գնալ»,- ասաց մայրը:
Ապրիլյան զոհերի հուղարկավորությանը Եռաբլուրում ՊՆ պաշտոնյաները սփոփանքի խոսքեր էին ասում զոհվածների ծնողներին: Այդ ցավակցական խոսքերից, ելույթներից մեկի ժամանակ ՊՆ պաշտոնյան, զոհի դագաղի գլխավերեւում կանգնած այսպես սփոփեց մորը, թե «դուք տվեցիք մեզ ուժեղ զավակ, մենք ձեզ ենք վերադարձնում հերոս»:
Այսօր մենք Գրիգորի մորը հարցրեցինք՝ ձեզ սփոփո՞ւմ են այդ տեսակ խոսքերը եւ ի՞նչ եք զգում, երբ ձեզ նման բան են ասում: Տիկին Անահիտը պատասխանեց. «Մայրը երբեք չի սփոփվում: Թող իմ որդին հաշմանդամ դարձած գար, գամված լիներ սայլակին, բայց իմ կողքին լիներ; Ճիշտ է, իմ որդին հերոս է, անմահացել է, բայց ես մինչեւ հիմա չեմ հավատում, որ ինքը չկա: Ես գիտեմ, որ պետք է գա, գիտեմ, որ ինքը հիմա դեռ պոստերում է, դեռ Ղարաբաղում ծառայության մեջ է»:
Տիկին Անահիտն ասաց, որ պատկան մարմիններից այնքան ուշադրություն չի տեսնում, որքան անհատներից: Գոհ է հատկապես Էրեբունու թաղապետարանից:
Մայրն ասաց, որ Գրիգորը երազում էր ու որոշել էր, որ երբ ծառայությունից վերադառնա, իր բնակարանը պետք է վերանորոգեր եւ այդտեղ ճաշարանի նման ինչ-որ տարածք բացեր. «Այնտեղ ուզում էր բարեգործական ինչ-որ բաներ կատարեր, անապահով ընտանիքներին օգներ, որովհետեւ ինքն էլ սոցիալապես անապահով ընտանիքից էր: Գրիգորը երբ զոհվեց, հիմա իր երազանքները ես եմ իրականացնում: Ոչ մի երազանք չպետք է կիսատ թողնեմ»:
Գրիգորի զոհվելուց հետո մայրն իմացել է նաեւ, որ տղան ընկերուհի ուներ. «Իր անձնականի մասին ոչինչ չէր ասել, հետո ծանոթացա ընկերուհու հետ, մինչեւ հիմա միասին ենք, գնում է, գալիս է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ