«Զանգակ» հրատարակչությունն անցյալ տարի հետաքրքիր նախաձեռնությամբ էր հանդես եկել: Հրատարակվել էր «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության»- 2017 ընտրանի օրագիրը (կազմող եւ խմբագիր՝ Հայկ Համբարձումյան), որտեղ ներկայացված էին անկախության շրջանի 52 բանաստեղծների ստեղծագործություններ:
2018 ընտրանի–օրագիրը պահպանելով 2017թ նույնանուն ժողովածուի սկզբունքները` ներկայացնում է 52 բանաստեղծություն տարվա շաբաթների թվին համապատասխան: Եվ եթե նախորդ ժողովածուն ներկայացնում էր հետանկախության 25 տարիների գրական մամուլում, առանձին գրքերում ընդգրկված եւ նաեւ անտիպ բանաստեղծություններ, ապա 2018 թ. ժողովածուի ժամանակագրական ընդգրկումն ավելի մեծ է եւ ներկայացնում է հայ պոեզիայի մեկ ու կես հարյուրամյակը: Ընտրանիում ներառված ամենից վաղ թվագրվող բանաստեղծությունը Սմբատ Շահազիզի «Երազն» է (1864 թ.), իսկ ժամանակագրորեն վերջինը` Վահագն Աթաբեկյանի Voca Me–ն (2017 թ.):
Ընտրանի օրագրի խմբագիր Հայկ Համբարձումյանի ձեւակերպմամբ, այս մեծ ժամանակագրական ընդգրկումը ընթերցողին հնարավորություն է տալիս հետևելու հայ պոեզիայի զարգացմանը արևմտահայ–սփյուռքահայ, արևելահայ–խորհրդահայ և հետանկախության գրական–մշակութային իրականություններում, վերստին ընթերցելու արևմտահայ ու արևելահայ դասական հեղինակների ստեղծագործությունները, վերհիշելու խորհրդահայ պոեզիայի այսօր արդեն մոռացվող անուններ, ժամանակին սիրված, նույնիսկ երգերի վերածված գործեր, նաև բացահայտելու անհայտ հեղինակների և ստեղծագործություններ:
Ինչ վերաբերում է Հայաստանի գրողների միության անդամ Վահագն Աթաբեկյանին, որին մի քանի գրական մրցանակներ են շնորհվել, նա միշտ էլ առանձնացել է իր յուրօրինակ գրչով եւ հայոց լեզվի բառագանձից օգտվելու վարպետությամբ: Ի տարբերություն այլոց, Վահագն Աթաբեկյանը երբեք տուրք չի տվել «հայհոյաբերան» պոեզիայի նորամուծություններին, նրա զայրույթի ու թախծի պոետիկ ածանցումները միշտ էլ լուսավոր են ու հուսառատ:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ