Անցած տարի այս օրը խորհրդարանական ընտրություններ էին: Այդ ընտրություններով Հայաստանն անցավ կառավարման համակարգի փոփոխության. կիսանախագահական կառավարման համակարգին այլեւս կփոխարինի խորհրդարանական կառավարման համակարգը: Այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցությունն այդ ընտրություններում ստացավ ընտրողների մոտ 800 հազար քվե`շարունակելով իր իշխանությունը: Քարոզարշավի բեռը ստանձնած ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հայտարարեց-խոստացավ. «Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ո՞վ է, եւ արդյունքում ի՞նչ ենք ունենալու, որքա՞ն աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին։ Այսօր կառավարությունում քննարկվում են նաեւ 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր»:
Մեկ տարի անց, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձանագրում է`քարոզարշավի ժամանակ խոստացված-հայտարարվածն առավելագույնս կատարվել է, դրա մասին վկայում է արձանագրված 7,7 տոկոս տնտեսական աճը: «Կառավարությունը մասնավոր ներդրումների մասին հաշվետվությունը ներկայացրել է, կատարված են: Կառավարությունը ավելի մանրամասն կանդրադառնա, վարչապետն արդեն անդրադարձել է այս թեմային, դրանք դեռ ընթացքի մեջ են: Ինձ թվում է դեռ ավելին`մենք բավականին հեռանկարային պայմանագրեր եւ ծրագրեր ունենք, որոնք կյանքի կկոչվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը`հավելելով. «Այլ խնդիր է`արդյունքից գո՞հ ենք, թե՞ ոչ: Խոստումները կատարված են, բայց անելիքներ շատ կան: Ժամանակ է պետք, որ դրական քայլերը զգացվեն, նաեւ հանրությունը շոշափի: Դրական տեմպերը կան, մենք գոհ ենք տնտեսական աճի տեմպերից»:
Հարցին`կա՞ն ոլորտներ, որտեղ ՀՀԿ-ական իշխանությունը ձախողել է, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ձախողում. մի քիչ խիստ է այդ բառը: Ընդհանուր առմամբ, ցանկացած ոլորտ, որը վերցնենք, կարող եք նայել վերջին հաշվետվությունը`արտահանման, ներմուծման տեմպերի աճ, գյուղատնտեսության, առողջապահության, շինարարության, զբոսաշրջության ոլորտներ. բոլոր տեղերում առաջընթաց ենք արձանագրել: Այլ խնդիր է, որ կարող ենք եւ պետք է աշխատենք տեմպերի ավելացման վրա»:
Մեր զրուցակիցը նկատում է`ժամանակին երկնիշ տնտեսական աճն ապահովում էր հիմնականում շինարարությունը, բայց այժմ աճի պատկերն այլ է ու դա ուրախալի է: Ձախողումներ չի նշում, միայն ասում է, որ անելիքները դեռ շատ են:
ՀՀԿ-ի ընդդիմախոսները պնդում են`իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում`արտագաղթը մեծանում է, սոցիալական բեւեռացվածություն ու լարվածությունը մեծանում է, ներկայացված տնտեսական աճը ներառական չէ: Նաեւ ներքաղաքական կյանքը հանդարտ չէ`մարդիկ նաեւ փողոցում պահանջում են ՀՀԿ-ի իշխանության հեռացումը: Վահրամ Բաղդասարյանը զարմանում է`իսկ ընդդիմությունը ուրիշ ի՞նչ պիտ ասեր եւ փաստում. «Երբեւէ ներքաղաքական իրավիճակը այսպես հանգիստ չի եղել, ինչպես այժմ է: Բնական է եթե կլինեն մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ, որոնք դժգոհություն կհայտնեն: Հակառակ դեպքում, մենք կարող էինք ունենալ ընդդիմության կորուստ, իսկ դա հարիր չէ ժողովրդավարական երկրներին: Դա նորմալ, քաղաքական գործընթաց է»:
Վահրամ Բաղդասարյանը միայն ցավում է, որ մերօրյա ընդդիմադիրները դրականը չեն տեսնում միայն բացասականի մասին են խոսում:
Դիտարկմանը`«Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ կարծում է, որ եթե տասն օր հանրապետության տարբեր քաղաքներում քայլարշավ իրականացնեն, ապա չորս օր փողոցում պահանջեն Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հեռացումը, հանրությունը կմիանա իրենց եւ ՀՀԿ-ն իր իշխանությամբ ստիպված կլինի հեռանալ. նման հեռանկար տեսնո՞ւմ եք, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. «Քայլելն, ընդհանուր առմամբ, առողջություն է: Շատ լավ նախաձեռնություն է, որ քայլում է: Նման հիմքեր չկան ընդհանրապես. կապրենք կտեսնենք: Դա կարող ենք ձեւակերպել որպես իրենց երազանք`իշխանության գալու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ