«Երկու տարի անցել է, բայց…չի անցնում, ներսս չի բուժվում»,- այսօր Եռաբլուրում դժվարությամբ լրագրողներին իր ապրումները ներկայացրեց ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը:
Մայրը որդու շիրմաքարը գրկած հեկեկում է, հազարավոր բառեր խեղդում են կոկորդը, մի քանի բառ է շշնջում շիրմաքարի մոտ, ասում, թե ինչքան դժվար է անցել այս երկու տարին առանց նրա ու մենք՝ լրագրողներս էլ քարանում ենք:
Ինչ հարց էլ ուղղում ենք, բախվում ենք որդուն փնտրող մոր աչքերին:
Հոր խոսքով՝ «Ասում են՝ ժամանակը բուժում է…քիչ է, թե շատ է, բայց հլը ահավոր սպի է: Ով հպարտանում է՝ հպարտանում է, ես հլը տխրում եմ: Իր արած քայլը հպարտության քայլ է, բայց իմ սրտի մեջ տխրություն է»:
Հայրն ասաց, որ չի կարողանում խոսել. «Եթե թողնեք, հանգիստ կանգնեմ տղուս կողքը, էլի»:
Նա հիշեց, թե երբ է վերջին անգամ խոսել որդու հետ: Ապրիլի 1-ի առավոտյան ժամը 7-ն էր. «Զանգահարեց, ծնունդը շնորհավորեց, դա եղել է վերջին զանգը: 6.30-7-ին վերջին անգամ խոսեցինք, ծնունդը շնորհավորեց, ինքը բարձրացավ դիրքեր ու գիտեք ինչ է կատարվում: Առանձնապես ասելու բան էլ չունեմ…տխրում եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ