Այսօր Եռաբլուրում մի կին մոտենում էր ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմների մոտ, խոնարհվում էր, ձեռքերով մաքրում շիրմաքարը, համբուրում ու արտասվում; Կապիտան Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող, Թալիշում զոհված Քյարամ Սլոյանի մայրն էր՝ Նվարդ Սլոյանը. «Բոլորն էլ մեզ համար են գնացել զոհվել, բոլորն էլ նույն երեխեքն են»:
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ հիմա, երբ երկու տարի է անցել, ոչինչ չի զգում, դեռ սպասում է Քյարամին, ոչնչով չի սփոփվում ու չի էլ կարող սփոփել: «Ես հլը սպասում եմ իրան: Ինքը կգա: Գիտեմ, որ ինքը պիտի գա: Ես իրանով հպարտ եմ, հպարտ եմ իմ երեխով»:
Նա ասաց, որ ամուսինը, որը մեկնել էր Թալիշ, գալուց հետո չդիմանալով վշտին՝ մահացել է. «Գնաց, եկավ, չդիմացավ»:
Քյարամ Սլոյանի խոշտանգված մարմնի սարսափազդու նկարները տարածվեցին ողջ համացանցով: Մայրն ասաց, որ չի տեսել այդ լուսանկարները եւ չի էլ ուզում տեսնել դրանք: Հակառակորդը խոշտանգել էր Քյարամ Սլոյանին, խախտել միջազգային կոնվենցիաներ: Քյարամ Սլոյանի մորը հարցրեցինք՝ չի՞ պատրաստվում իրավական գործընթաց սկսել, միջազգային ատյաններին դիմել ու հասնել նրան, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի: Նա պատասխանեց. «Իմ երեխան արդեն չկա, ի՞նչ պիտի անեն, կարա՞ն իմ երեխուն հետ բերեն: Ինչ էլ անեն, ոնց էլ պատժեն…կարա՞ն իմ երեխուն հետ բերեն: Եթե հետ կբերեն՝ հա, պայքարեմ, բայց ոչ մի բան չեն կարա անեն»:
Տիկին Նվարդն ասաց, որ շուտով իր մյուս որդուն՝ Հրաչին է պատրաստվում ճանապարհել բանակ: Նրա պատմելով՝ Հրաչը եղբոր պես «դուխով է» ու խոստացել է եղբոր վրեժը լուծել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ