Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Չիբուխչյան. «Հետմահու պատվոգրի վրիպումը տպարանում է եղել»

Ապրիլ 02,2018 15:55

25 ամյա Արտյոմ Գալուստյանը 2016-ի ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ զինվորական ծառայության մեջ էր, մասնակցել է պատերազմական գործողություններին: Արտյոմը ողջ-առողջ է, սակայն օրերս պատվոգիր է ստացել՝ որպես հետմահու: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգեւատրման» պատվոգիրը Արտյոմն անձամբ է ստացել «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» հասարակական կազմակերպության օրերս կազմակերպած միջոցառման ժամանակ:

Հետմահու այս պարգեւատրման դեպքը ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ քննադատությունների է արժանացել, հիմնականում հայհոյանքներ էին հնչում ոստիկանության եւ պաշտպանության նախարարության հասցեին, թե ինչպես են արժեզրկում պարգեւատրումների գաղափարը:

Aravot.am-ի հետ զրույցում Արտյոմ Գալուստյանը պատմեց, որ պարգեւատրման արարողությունից մի քանի օր առաջ Կենտրոնի զինկոմիսարիատից տեղեկացրել էին, որ ներառվել է պարգեւատրվողների ցուցակում՝ որպես ապրիլյան պատերազմի մասնակից, եւ նրանից անձնագրի տվյալներ էին վերցրել ու հրավիրել միջոցառմանը. «Գնացի ոստիկանություն: Ապրիլյանի մասնակից ինձանից բացի էլի մի քանի տղաներ կային: Հերթով անունները կարդում էին ու ասացին՝ հետմահու պարգեւատրվում է Արտյոմ Գալուստյանը: Ես վերցրեցի ու ոչինչ չասացի, իմ պես երեւի 5-6 հոգի էլ հետմահու ստացան»:

Արտյոմն ասաց տեղում չեն ասել, որ սխալմունք կա, որպեսզի միջոցառումը չձախողվի.«Բայց այդ ժամանակ քթի տակ խոսեցինք, ծիծաղեցինք, որ սխալ է: Ես շտապում էի, շուտ դուրս եկա, չգիտեմ հետո ինչ է եղել»:

Պատվոգիրը Արտյոմից հետ չեն վերցրել, նա ասաց ոչ էլ զանգել են իրեն, որպեսզի սխալը շտկեն: Ինքն այս պատվոգիրը պահում է՝ որպես զավեշտալի իրադարձություն. «Դե խնդալու թեմա է»:

Լիլիթ Չիբուխչյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Aravot.am-ի հետ զրույցում «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» հ/կ-ի նախագահ Լիլիթ Չիբուխչյանը վստահեցրեց՝ «Թյուրիմացություն է եղել, միլիոն անգամ ներողություն եմ խնդրել: Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ պաշտպանության նախարարը կապ չունեն էս ամենի հետ: Ոստիկանությանը քարկոծում են, էդ խեղճ ոստիկանները կապ չունեն: Ես ուղղակի խնդրել եմ, միջոցառման համար իրենց դահլիճն են տրամադրել»:

Ապա Չիբուխչյանն ասաց, որ նշված ուժային կառույցներից հ/կ-ն որեւէ փոխանցումներ չի ստանում. «Ինքս էլ զոհվածի այրի եմ, կորցրած երեխա ունեմ, արցախյան պարտերազմի մասնակից եմ, 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Այս պարգեւատրումներն ու աջակցություններն անում եմ հոգուս հանգստության համար, շատերին եմ օգնել: Սխալմունք է եղել, էդ որ տարածում են, թե 50 պատվոգիր է եղել, այդպես չէ: Ընդհանուր 27 պատվոգիր է եղել, 2-ը հետմահու զոհված ոստիկաններին, 2-ը՝ հետմահու քառօրյայի մասնակիցներին: Չգիտես՝ ինչո՞ւ, միամիտ էդ անունը այդտեղ է եղել: Պատվոգրերը նախապես ցուցակով գնացել է տպարան, վրիպումը եղել է տպարանում, մենք էլ չենք իմացել, որ նման վրիպում է լինելու»: Մեր հարցին՝ ո՞ր տպարանում են տպագրել դրանք, տիկին Չիբուխչյանը պատասխանեց. «Տպարան չի, մի հատ մասնավոր բան կա, նախապես ֆայլը տալիս ենք՝ հավաքում են»:

Չիբուխչյանը վստահեցրեց, որ դահլիճում նկատել է սխալը ու ներողություն խնդրել. «Հետո եկա նստեցի տեղս, տեսա պատվոգիրը չկա, տեսա նման մարդ դահլիճում չկա, գնացել էր: Բայց պատվոգիրը փոխանցելիս խնդրել էի դնել մի կողմ, երեխուն չտան դա: Միայն ինքն է ստացել նման պատվոգիր, ոչ մեկի մոտ նման հետմահու պատվոգիր չկա: 5 տղաներ որպես ապրիլյանի մասնակից են եղել, իրենց դեպքում սենց սխալ չկա»:

Մեր դիտարկմանը՝ արդյոք տպագրելուց հետո չե՞ն ստուգել այդ պատվոգրերի գրառումները, Չիբուխչյանը պատասխանեց՝ «Դե վրիպակ է եղել, միջոցառման պահին նկատեցինք: Ֆեյսբուքում ամեն գրողից ներողություն եմ խնդրել: Հո միտումնավոր չե՞նք արել: Ես ավելի շատ ազդվում եմ, որ ղեկավարությանն են քարկոծում, իրենք կապ չունեն, ախր: Էդ երեխայից էլ ներողություն խնդրեցի, ուղղակի սարքեցին պատմություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    հետմահու քառօրյայի մասնակիցներին ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30