Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պիտի ինձ շնորհակալություն հայտնեն. շնորհակալություն հայտնեն, որ պաշտպանել եմ իմ ընտանի՞քը». ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս

Ապրիլ 02,2018 15:34

ՀՀ նախագահի «Արիության» մեդալակիր, ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Գևորգ Մանուկյանը համեստորեն նշեց, թե իրենց կատարածը հերոսություն չէ. կատարել են իրենց առջև դրված խնդիրը:

Aravot.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում ադրբեջանական ուղղաթիռ խոցած Գևորգը վստահեցրեց, որ եթե ամեն մեկս մեր տեղում մեր գործը փորձենք հնարավորության չափով ճիշտ անել, ամեն բան էլ նորմալ կլինի: Ըստ ապրիլյան պատերազմի հերոսի՝ այնպես չէ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում միայն զինվորի շնորհիվ եղավ այդ ամենը: Մեր զրուցակիցը շեշտեց, թե դա իր սուբյեկտիվ կարծիքն է:

Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ծնված, այժմ ժամանակավորապես Երևանում բնակվող ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողն այս պահին մեկ հիմնական ծրագիր ունի՝ դառնալ իրավաբան:

Գևորգ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ վստահություն ունի՞, որ մենք դասեր ենք քաղել ապրիլյան պատերազմից և Աստված չանի նման իրավիճակում կրկին հայտնվելուց մենք մեզ պաշտպանված կզգա՞նք, մանավանդ ապրիլյան դեպքերից հետո Չինարիում ևս կորուստներ ունեցանք, Գևորգ Մանուկյանը պատասխանեց. «Բանակի պատրաստվածության հետ կապված կարող եմ ասել, որ պատրաստ ենք, քանի որ ժամանակ առ ժամանակ լինում եմ դիրքերում, տեսնում եմ: Ինչ վերաբերում է քաղաքական կերպարներին, ապա նրանք, ինձ թվում է, միշտ էլ պատրաստ են: Իսկ թե իրականում դա ինչպես է արտահայտվում, հարց է»:

Գևորգը մեզ հետ զրույցում հիշեց ապրիլի 2-ի լուսադեմին՝ 06.45-ին ադրբեջանական ուղղաթիռը խոցելու դրվագը. «Իմ դիրքում էի՝ Գյուլիստանի ուղղությամբ Եղնիկներ կոչվող զորամասում: Ամենքս մեր ծառայությունն էինք տանում, նկատեցինք մեր դիրքերին մոտեցող ուղղաթիռ, որը հետո սկսեց հրթիռներով խփել: Նկատեցինք ու խոցեցինք, էլի»:

Գևորգը նշեց, որ յոթ-ութ տղաներով են այդ պահին եղել և, բարեբախտաբար, բոլորն էլ ողջ են մնացել:

Ըստ Գևորգ Մանուկյանի՝ աշակերտների շրջանում ռազմահայրենասիրական դաստիրակությունն անհրաժեշտ է: Մեր այն դիտարկմանը՝ որևէ փաստաթղթով կամ դասագրքով ինքը նման կրթություն ստացե՞լ էր, որ նման սխրանք գործեց, Գևորգն արձագանքեց. «Եթե մեր ժամանակ չի եղել, չի նշանակում՝ հիմա կիրառելը սխալ արդյունք կտա: Եթե կարիքն էլ չլինի, չի խանգարի, իսկ եթե չի խանգարի, ուրեմն նորմալ է, լավ է»:

Մեր այն կարծիքին՝ հայրենասիրական դաստիրակությունը ընտանիքից է սկսվում և ավելի շատ խառնվածքի հարց է, Գևորգ Մանուկյանը չհամաձայնեց. «Չէի ասի, որովհետև օրինակներ կան, որ մարդիկ քաղաքացիական կյանքում ոչ այնքան հայրենասերի կերպար են ունեցել, հետո ապացուցվել է, որ ընդհանրապես հակառակն է: Նման դեպքերում կերպարները լրիվ փոխվում են. ով իրականում իբր, կոպիտ ասած, ամենակարող է, հակառակն է դառնում մարտի դաշտում, ում որ չեն նկատում կամ չես պատկերացնում, երբ նման իրավիճակում է հայտնվում, տեսնում ես, թե ինչպիսի արարքներ է գործում»:

Մեր այն հարցին՝ զարմացա՞ծ եք, որ 2016-ի ապրիլին նման քայլի գնացիք, ապրիլյան քառօրյայի հերոսը պատասխանեց. «Առանձնապես մտածելու ժամանակ չունեինք: Իմ առաջ դրած խնդիրն եմ կատարել ու վերջ, դա առանձնապես հերոսություն չեմ համարում: Հերոսական այլ քայլեր ունենք, դրանց հեղինակներն իսկապես հերոսներ են»:

Դիրքերի կորուստների մասին խոսելիս և պատասխանելով հարցին՝ այդ կորուստն անխուսափելի՞ էր, Գևորգ Մանուկյանն ասաց. «Ինչքանով որ անխուսափելի էր դիրքերի կորուստը, այնքան էլ անխուսափելի է վերադարձը: Ինչ հաջողությամբ գրավել են, մենք նույն հաջողությամբ կարող ենք ազատագրել այդ դիրքերը: Մեր խնդիրն այն է, որ միշտ ցավով նշում ենք, թե կորցրել ենք: Պարտադիր չէ՝ հենց դիրքում լինենք ու հետ վերցնենք: Այստեղից էլ կարող ենք շատ բան անել, դիրքը հետ վերցնելուն նպաստել մեր ճիշտ, մաքուր գործունեությամբ, մեր ընտրած ճանապարհով, արդար քայլերով: Այն, որ անընդհատ ցավով նշենք, թե դիրք ենք կորցրել, դա ոչինչ չի փոխի»:

Ըստ Գևորգ Մանուկյանի՝ պլաններ մշակել բոլորն էլ կարող են, բայց երբ ղեկավարում ես ընդամենը հինգ հոգու, զգում ես, թե ինչքան դժվար գործ է դա: Այս առիթով Գևորգը հավելեց. «Աշխարհի քաղաքական քարտեզին, որ երկու մետր հեռավորությունից նայենք, նորմալ տեսողություն ունենալու դեպքում Հայաստանը դժվար կնշմարենք, ու դա մեծ բան է ասում, քանի որ այսպես թե այնպես ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, ինչ պետություն էլ լինի: Պատահական չէ, որ ասում են՝ ուժն է ծնում իրավունք»:

Ինչպիսի համեստությամբ Գևորգը խոսում էր իր կատարած սխրանքի մասին, նույնքան համեստորեն նա արտահայտվեց իր նկատմամբ հասարակության և պետական մարմինների վերաբերմունքի մասին: Ապրիլյան պատերազմի հերոսի համար մի պարզ շնորհակալությունն էլ է մեծ հոգատարություն. «Անգամ եթե չզգայի ոչ մի հոգատարություն, դա էլ նորմալ կլիներ: Հայրենիքի պաշտպանությունը ոչ թե լավ է, այլ նորմալ, այդպես էլ պիտի լինի: Մենք հայտնագործություն չենք արել, առաջին հերթին մենք մեզ համար ենք դա արել, հետո նոր մյուսների: Այսինքն՝ ինչո՞ւ պիտի շնորհակալություն հայտնեն: Ինձ շնորհակալություն հայտնեն, որ պաշտպանել եմ իմ ընտանի՞քը: Այսինքն՝ ինձ չակերտավոր ասած օտար քաղաքացին շնորհակալություն հայտնի, որ ես իմ ընտանի՞քն եմ պաշտպանել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Գևորգ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30