Այսօր հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, Եռաբլուրի պանթեոնում դժգոհություն հայտնեց, որ իր որդուն Արցախի կամ Հայաստանի հերոսի կոչում չեն տալիս: Նա վիրավորված էր:
Aravot.am-ը Եռաբլուր այցելած ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց՝ Ուրֆանյանի մորը հանդիպե՞լ է, նա որոշակի դժգոհություն ուներ, գտնում է, որ որդին, որն արժանի է, Ազգային հերոսի կոչում չեն տվել, տեղյա՞կ եք դժգոհությունից; Նախարարը պատասխանեց. «Արմենակ Ուրֆանյանի մայրը հայ մոր փայլուն օրինակ, մոր, որը սպա է ծնել, դաստիարակել, մոր, որը այդ սպայից եւ ցանկացած սպայից ոչ պակաս հասկանում հայրենիքի պաշտպանությունն ինչ է նշանակում: Ես հանդիպել եմ Ուրֆանյանի մոր հետ, մեծ հարգանք ու մեծ ակնածանք ունեմ այդ անձի նկատմամբ: Իր այդ դժգոհությունը նա հայտնել է նախկինում եւս՝ դեռևս մինչեւ նույնիսկ իմ նախարար նշանակվելը: Ես բացատրել եմ, պատմել եմ իրեն, որ այդ գործընթացը մեկ անձի կամ փոփոխված նախարարի մակարդակի լուծվելու խնդիր չի: Յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է եւ համադրելով բազմաթիվ հանգամանքներ՝ հատուկ հանձնաժողովներ ներկայացնում են միջնորդություն պաշտպանության նախարարին, նախարարը՝ ՀՀ նախագահին եւ կայացվում է այն որոշումը, որը ներկայացվել է: Պետական պարգեւները եւ կոչումները շատ կարեւոր միջոց են երախտագիտություն հայտնելու, բայց ես կարծում եմ՝ մենք, որպես հասարակություն եւ պետություն հասունացել ենք այնքան, որ չսահմանափակվենք դրանով»:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ ունեն բազմաթիվ ծրագրեր եւ դրանցից մեկը «Դուք մենակ չեք» ծրագիրն է, որով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կցվում է կուրսանտ առաջին կուրսի եւ ամբողջ ուսման ընթացքում տարին մի քանի անգամ այցելում է այդ ընտանիք. «Դա լուծում է 2-3 խնդիր միաժամանակ: Առաջինը՝ այդ ընտանիքին տալիս է հնարավորություն կապը բանակի հետ պահել, բանակին տալիս է հնարավորություն ներկա լինելով ընտանիքում՝ հարազատի կարգավիճակով, հասկանալ յուրաքանչյուր ընտանիքի դժվարությունները, բարդությունները եւ փորձել լուծել դրանք, երրորդը՝ դաստիարակում է ապագա սպայի մեջ յուրաքանչյուր զինվորի կյանքի նկատմամբ շատ ուշադիր լինելու, զգոն լինելու այդ առանցքը, որովհետեւ նրանք տեսնում են իրենց աչքով որդեկորույս ընտանիքի ցավը, վիշտը եւ կարծում եմ, որ դա ապագա սպայի դաստիարակության շատ կարեւոր միջոց է»:
Նա ասաց, որ նման ծրագրեր շատ կան եւ չի ուզում այսօր խոսել ֆինանսական օգնությունների մասին:
Նախարարը վստահեցրեց, որ չկա զոհվածի ընտանիք կամ զինհաշմանդամի ընտանիք, որոնց դեպքը ՊՆ նախարարությանը մանրամասն ծանոթ չէ եւ եթե հնարավոր է, նաեւ սահմանված կարգերից դուրս փորձում են օգնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ