Ապրիլի մեկի երեկոյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարների մոտ հավաքվել էին երիտասարդներ՝ 2016թ.-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում հերոսաբար զոհված հայորդիների հիշատակը ոգեկոչելու նպատակով:
Երթի մասնակիցները մոմերով եւ հայրենասիրական երգերի ուղեկցությամբ քայլեցին մինչեւ «Եռաբլուր», որտեղ արեւխաչի՝ հավերժության նշանի տեսքով տեղադրեցին մոմակալները:
Ի դեպ, նախաձեռնությունը նաեւ բնապահպանական էր. մոմակալները պատրաստվել էին պլաստիկ շշերից: Երթի նախաձեռնող՝ «Խարույկ» բնապահպանական հ/կ ղեկավար Գեղամ Օհանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Մեզանում հերոսներին պատվելու պակաս է նկատվում: Մենք ավելի շատ սիրում ենք սգալ, քան մեծարել: Երբեմն սգում ենք անարժանների հիշատակը ու մոռանում պատվել արժանիներին»:
Մեր զրուցակցի խոսքով՝ սոցցանցային որոշ օգտատերեր երթի հայտարարությանն արձագանքել էին՝ ասելով, թե «մեռելապաշտական միջոցառում» է կազմակերպվում, մինչդեռ Գեղամ Օհանյանը նման բնորոշման հետ համաձայն չէ: «Մենք այդ անձանց էլ հրավիրեցինք մասնակցելու՝ ցույց տալու համար մեր այսպես կոչված «սգացող» տեսակը, բայց նրանցից ոչ-ոք չեկավ: Իրականում ինձ գոհացնում է մասնակից-երիտասարդների պատրաստակամությունը: Նման միջոցառումների պակաս կա, որովհետեւ սերունդը պետք է դաստիարակվի հերոսներին պատվելու ուղերձներով»,-համոզմունք հայտնեց Գեղամ Օհանյանը:
«Եռաբլուրում» հնչեցին ռազմահայրենասիրական երգեր. երիտասարդները ռազմապարերի որոշ տեսակներ ցուցադրեցին՝ «Յարխուշտա», «Քոչարի»:
Ազատամարտիկ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանն ընդգծեց ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ սահմանը պաշտպանած հերոսների անձնազոհությունը. «Նրանք ապացուցեցին հայի լինելիությունը, փաստեցին, որ մենք կանք: Չանսալով նահանջելու հրամանին եւ չտվելով այն փաստին, որ զինամթերքը բավարար չէ, նրանք իրենց ոգով կասեցրին թուրքական ոհմակներին: Այդ տղաները հանեցին մեզ ցեղասպանվածի կերպարից եւ ապացուցեցին, որը երկրի տերը սահմանին է: Երկիրը երկու տեր ունի՝ «Եռաբլուրը» եւ սահմանին կանգնած տղան: Դա ապացույցն է նրա, որ մենք այլեւս պարտվող տեսակ չենք»:
Գագիկ Գինոսյանի խոսքով՝ «Եռաբլուրն» ավելի մեծ սրբարան պետք է լինի հայի համար, քան «Ծիծեռնակաբերդը». «Իմ ընկալմամբ՝ այդ հուշահամալիրն այն մարդկանց համար է, որոնք զենքը ձեռքին հերոսաբար զոհվել են 1915թ-ին»:
Ազատամարտիկը երիտասարդներին կոչ արեց չավարտված պատերազմի պայմաններում չտրվել «հնազանդ-հանդուրժող» լինելու քարոզչությանը, չլսել երկիրը «քոսոտ» անվանող գիտնականներին, անընդհատ բարձրաձայնել ռազմարդյունաբերության զարգացման անհրաժեշտության մասին: «Օրերս ավարտվեց սպառազինության ցուցահանդեսը: Մերոնք ապացուցեցին, որ ռուսից լավ կարող են անօդաչուներ սարքել»,-նկատեց Գագիկ Գինոսյանը:
Նա նաեւ մատնանշեց, որ ապրիլյան ռազմական գործողությունների վերհանած որոշ խնդիրներ երկու տարի անց դեռ լուծված չեն. «Խոսքը մոբիլիզացիայի մասին է: Շատերն այդ ժամանակ չկարողացան հասնել սահման, որովհետեւ կազմակերպչական հարցերը լուծված չէին: Մարդիկ շտապում էին օգնության, բայց կանգնել էին Ստեփանակերտի հրապարակում ու չգիտեին՝ ինչպե՞ս վարվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ