«Բանակաշինությունը պետականաշինության պես անընդհատ գործընթաց է: Ցանկացած պահին մարդիկ, ովքեր համարում են, որ կատարել են ամեն ինչ այդ փուլի համար, պետք է ճանապարհ հարթեն նոր մտքերով, նոր գաղափարներով այդ գործընթացը շարունակելու: Ապրիլյան դեպքերը, որքան էլ ցավալի, ողբերգական հետեւանքներ ունեցան մեր հայրենակիցների կորստի առումով, երկիրը պաշտպանելու այլ ձեւ մինչ օրս որեւէ բանակ՝ ամենաուժեղ բանակն աշխարհի անգամ դեռ ի հայտ չի բերել»,- այսօր Եռաբլուրում խոսելով ապրիլյան պատերազմից հետո արված հետեւությունների մասին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա ասաց, որ զինծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, կյանքի գնով անգամ երկիրը պաշտպանելու գաղափարի հետ: Ըստ նախարարի, ցանկացած ռազմական գերեզմանատուն այցելելիս ցավի, կորստի անդառնալի զգացողություն է ունենում, միեւնույն ժամանակ՝ հպարտանում այն մարդկանց անցած ուղու համար, որոնք մեր երկիրը շեն են պահում, մեր սահմաններն անառիկ. «Մեր բոլորի պարտքն է, իհարկե, դրան համարժեք ձեւավորել պայմաններ եւ միջավայր, որպեսզի այդ պաշտպանությունն ավելի արդյունավետ լինի»:
Թե ապրիլյան պատերազմից հետո այս երկու տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ամենակարեւոր բանը, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել, նույնիսկ չեմ կապում դա միայն ապրիլյանի հետ, կարծում եմ, որ դա էվոլյուցիոն շատ կարեւոր գործընթաց է, մենք, որպես հասարակություն, գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր-կտոր կամ հասարակության մի մասի ուսերին դրված կամ կտրված պետության կենսակերպից առհասարակ: Կարծում եմ, մենք հասկացել ենք, որ երկրի պաշտպանությունը կենսակերպ է ողջ հասարակության, ողջ երկրի, ողջ պետական համակարգի նաեւ: Կարծում եմ, դա է առանցքը մեր հետագա քայլերի, բոլոր այն ծրագրերի, որոնք պետք է կյանքի կոչենք, որպեսզի որպես ազգ-բանակ պատրաստ լինենք պաշտպանելու մեր երկիրը, մեր քաղաքակրթությունը, այն հսկայական ժառանգությունը, որ մենք, որպես ժողովուրդ, ունենք հազարամյակների մեջ: Մեր պայքարը ոչ սկսում, ոչ ավարտվում է Ղարաբաղում, մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով միայն: Մենք պետք է որպես հասարակություն պատրաստ լինենք առաջ շարժվելու, զարգանալու, արագ զարգանալու եւ միեւնույն ժամանակ բավականաչափ անելու՝ այդ զարգացումը պաշտպանելու համար: Սա է խորհուրդը: Ես չեմ կարծում, որ որեւէ մի ՊՆ նախարար երբեւէ պետք է իրավունք ունենա նայի ձեր միջոցով մեր հասարակության աչքերին եւ ասի, որ մենք ամեն ինչ ենք, ամեն ինչ փայլուն է եւ որեւէ խնդիր չունենք»:
Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ իրենք շատ հետեւողական աշխատել են եւ աշխատելու են՝ մարտունակությունը բարձրացելու եւ բանակի համբավը այն մակարդակում պահելու, որով դուրս ենք եկել ղարաբաղյան պատերազմից՝ զինադադարը կնքելիս:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ