Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արեց եւ չարեց ՀՀԿ-ն մեկ տարում

Ապրիլ 02,2018 14:58

«Արտաքին հարաբերությունների ոլորտում մենք ունենք մի քանի լուրջ ձեռքբերումներ: Առաջինը` ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որը մեզ հնարավորություն տվեց Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում վերաիմաստավորել ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունները, ընդ որում, բավական լայն սպեկտրով`տնտեսությունից մինչեւ միջպետական հարաբերությունների այլ հատվածներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը`վերլուծելով խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ի իշխանության մեկ տարին:

Հիշեցնենք, անցած տարի այս օրը`ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացավ մոտ 800 հազար ձայն`49, 08 տոկոս`քաղաքական ասպարեզում առաջին ջութակի դերը ստանձնելով: Ի՞նչ հաջողեց անել ՀՀԿ-ն անցած մեկ տարվա ընթացքում, ի՞նչը ձախողեց`հետաքրքրվել էինք ՀՀԿ-ական պատգամավորից:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամենակարեւոր արձանագրումը Խոսրով Հարությունյանը համարում է այն, որ ՀՀ-ն ԵՄ-ի համար համարվում է հուսալի գործընկեր. «Սա շատ լուրջ մեսիջ է եվրոպական թե քաղաքական, թե տնտեսական շրջանակներին»:

Անցած մեկ տարվա ընթացքում ՀՀԿ-ի հաջորդ ձեռքբերումն, ըստ մեր զրուցակցի հետեւյալն է. «2017-ը մեկ անգամ եւս արձանագրեց, որ ԵԱՏՄ-ին ինտեգրվելու Հայաստանի քայլը, երկարաժամկետ հատվածում ճիշտ եւ արդարացված որոշում էր»: Սա ասելու համար Խոսրով Հարությունյանին հիմք են տալիս պաշտոնապես արձանագրված տնտեսական տեղաշարժերը. «Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի արտահանման ծավալները ավելացել են 50 տոկոսով: Դրա առյուծի բաժինը ընկնում է ԵԱՏՄ-ին, առավելապես ՌԴ-ին: 2015-ին ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալը 255 միլիոնից դարձել է 500 միլիոնից ավել: Ընդհանուր առմամբ, 2016-17 թվականներին Հայաստանի արտահանման ծավալներն ավելացել են 50 եւ 44 տոկոսով: Այսինքն, երկու տարվա ընթացքում արտահանման ծավալն ավելացել է մոտ 80 տոկոսով: Ավելացել է նաեւ ներմուծումը: Բայց ներմուծման եւ արտահանման հարաբերակցությունը եթե մի քանի տարի առաջ կազմում էր 3-4 անգամ, այժմ 1,8 -1,4- 1,5 է»:

Մեր զրուցակիցը փաստում է`ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն տվեց իրականում դիվերսիֆիկացնել տնտեսությունը եւ այսօր արտահանման լուրջ ապրանքներ են ծխախոտը, գյուղատնտեսական ապրանքները, վերամշակող արտադրության ապրանքները, տեքստիլն ու տրիկոտաժը: «Սրանք լուրջ տեղաշարժեր են, որոնք նոր են իրենց զգացնել տալիս եւ եթե կարողանանք շարունակել խթանել արտահանումը, ապա իրական հատվածում կունենանք լուրջ տեղաշարժեր»:

Խոսրով Հարությունյանը դրական տեղաշարժեր է տեսնում նաեւ զբոսաշրջության ոլորտում, որը գյուղատնտեսության եւ սպասարկման ոլորտի վրա է անդրադառնում. «Միայն անցյալ տարի ունեցել ենք 1,5 միլիոն զբոսաշրջիկ: Սա նշանակում է, որ մեր սպառողական շուկան 2,5-3 միլիոնից դարձել է 4- 4,5 միլիոն: Այսինքն, ներքին սպառման ապրանքների պահանջարկն էլ է մեծանում: Նաեւ ավիացիայում են տեղաշարժեր լինում, նոր չվերթներ են բացվում, աշխարհագրությունն է ընդլայնվում: Այս ամենը հենց այդ մեկ տարվա գործունեության արդյունք է»:

Նկատեցինք`այս շարժերը չեն անդրադառնում միջին վիճակագրական ՀՀ քաղաքացու վրա, քանզի թեկուզ չնչին, բայց թանկացումները էական ազդեցություն են ունենում ընտանեկան բյուջեի վրա, թոշակներ, նպաստներ եւ աշխատավարձեր էլ չբարձրացան: Խոսրով Հարությունյանը չի հակադրվում պնդմանը, քանի որ համոզված է`մեկ-երկու տարվա ձեռքբերումները բավարար չեն, որպեսզի շարքային քաղաքացին իրավիճակի շեշտակի փոփոխություններ տեսնի:

Բարձրաձայն մտորում է. «Ունենք ՀՆԱ-ի 7,7 տոկոս աճ, արտահանման աճ, ինչը նշանակում է, որ հանրապետություն գումար է գալիս, նաեւ`աճել է տրանսֆերտների մուտքը. 63-64 տոկոս կազմում են ՌԴ-ից եկող տրանսֆերտները: Տրանսֆերտները կարելի է դիտել, որպես աշխատուժի էքսպորտ եւ դա նույնպես եկամուտ է, որը ձեւավորվում է ներսում եւ եթե տրանսֆերտները չլինեն, ապրանքների գների բարձրացումը մեր քաղաքացիներն անհամեմատ ավելի ծանր կտանեին»:

Այս իմաստով, նա պատահական չի համարում, որ թանկացումների հարցով «Ելք»-ի կազմակերպած երթերին մարդիկ չարձագանքեցին. «Սա նույնպես ցուցիչ է»:

«Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ո՞վ է, եւ արդյունքում ի՞նչ ենք ունենալու, որքա՞ն աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին։ Այսօր կառավարությունում քննարկվում են նաեւ 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր»,- նախընտրական քարոզարշավի օրերին մի քանի անգամ գրեթե նույն ձեւակերպումներով հայտարարել էր ՀՀԿ-ի վարչապետ Կարեն Կարապետյանն, որը կրում էր քարոզարշավի բեռը: Խոստացված ներդրումների մասին հիմա կարծես Կարեն Կարապետյանի կառավարությունում գերադասում են խուսափողական խոսել:

Խոսրով Հարությունյանը նախ արձանագրում է`Կարեն Կարապետյանը բավական հաջող արդարացրեց նախընտրական շրջանում իր վրա վերցրած քաղաքական պատասխանատվության բեռը եւ ՀՀԿ-ի սպասելիքները: «Տնտեսությունը 7,7 տոկոս աճ է արձանագրել, մինչդեռ նախատեսվում էր 3,5-4 տոկոս եւ ոգեւորիչ է արտահանման ծավալների աճը: Ու այդ իմաստով կառավարության առջեւ դրված խնդիրները բավական հաջող կարգավորվել են»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ներդրումներին, Խոսրով Հարությունյանը հիշեցնում է`պատկան նախարարները եւ վարչապետը հստակ ասել են եւ առաջիկայում էլ կհրապարակվի ներդրումների ցուցակը. «Վարչապետն ասաց`ոլորտ առ ոլորտ, մարզ առ մարզ կներկայացվի վիճակագրությունը»:

Խոսրով Հարությունյանը նաեւ զարմանում է`եթե կարծում ենք, որ ներդրումներ չեն եղել, ապա ինչո՞վ է պայմանավորված 7,7 տոկոս տնտեսական աճը: Նա կարծում է, որ Կարեն Կարապետյանը հաջողությամբ իրականացրել է ներդրումների մասին իր խոստումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30