Aravot.am-ի զրուցակիցն է Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից, ԱՀ Արիության մեդալակիր Տիգրան Հարությունյանը։
Արդեն մեկուկես տարվա զինծառայող էր Տիգրան Հարությունյանը, երբ եկավ 2016 թվականի ապրիլի 2-ը։ Այդ օրը՝ առավոտյան, երբ զորամասում հնչեց տագնապի ազդանշանը շատերի պես մտածում էր, թե հերթական ուսումնական տագնապն է: Լինելով ՊԲ առանձնակի մոտոհրաձգային գումարտակի վարորդ՝ զորամասի ստորաբաժանումների հետ մեկնեց դեպի Թալիշի դիրքեր: «Այդ պահին պատկերացում չունեի իրավիճակի լրջության մասին։ Պատերազմի մասին էլ գիտեի այն, ինչ լսել էի հորիցս և պապիցս պատմածներից, ովքեր մասնակցել էին Արցախյան պատերազմին»,-պատմեց Տիգրանը:
Պատմում է, որ արդեն դիրքերում այլ պատկեր էր։ Բոլորը մոռացել էին վախի զգացողության մասին։ Հրամանատարները զինվորների հետ հավասար մարտնչում էին՝ անմիջականորեն ցուցումներ տալով։ «Դա ինձ զարմացնում էր, որովհետև անմիջականությունը, զինվորի հետ հավասար դիրքերը պահելը, անկեղծ ասած՝ չէի սպասում։ Մեր հրամանատարները մեզ անընդհատ ոգևորում էին և անձնական օրինակով ցույց տալիս՝ ինչպես կռվել»,-անկեղծանում է նա։
Տիգրանը շեշտեց,որ վիրավորված զինվորները չէին ցանկանում թեկուզ բուժօգնություն ստանալու համար լքել առաջնագիծը։ «Մինչ այդ թերահավատորեն էի վերաբերվում մեր սերնդին, և չէի մտածում, որ հարկ եղած դեպքում կկարողանանք մեր հայրերի ու պապերի պես գործել»,-նշեց Տիգրանը։
Դիրքերում առաջին ծանր փորձությունն էր սպասում: Ականանետի հարվածից պայթած արկի բեկորը խրվեց սաղավարտի մեջ, սակայն վնասվածքը լուրջ չէր։ Բայց այսքանով ամեն ինչ չավարտվեց։ Հերթական անգամ, երբ դիրքերից տեղափոխում էր վիրավորներին, այդ ընթացքում հակառակորդի «Կամիկաձե» տեսակի անօդաչու հարվածող սարքը պտտվում էր որոշակի բարձրության վրա։ Շատ արագ, երկու անսարք անվադողերով, վիրավորներին հասցնելով շտապօգնության ավտոմեքենային, Տիգրանը ուղղություն վերցրեց դեպի հրամանատարական կետ։
«Հրամանատարական կետում, մեքենայի մոտ կանգնած, նկատեցի, որ ԱԹՍ ընկավ դիմաց: Հասցրեցի միայն զենքս վերցնել և պայթյունի ալիքը ինձ շպրտեց մի կողմ։ Մոտ գտնվող մի քանի ավտոմեքենա՝ այդ թվում և իմը, պայթեցին, այդ անգամ ևս բախտն ինձնից երես չէր թեքել։
Տիգրանը զրույցի ընթացքում առանձնակի հպարտությամբ էր խոսում զինվորների ու հրամանատարների, նրանց մարտական ոգու և սխրանքների մասին։ Վերջում էլ վստահեցրեց․ «Եթե նորից հարկ լինի, համոզված եմ, որ բազմակի անգամ ավելի մեծ է լինելու մեր հակահարվածը հակառակորդին։ Ապրիլյան օրերը ցույց տվեցին, որ այժմ ավելի փորձառու ենք և ունենք բանակին ամեն կերպ աջակցող մի ողջ հայ ազգ»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ