Գյումրիում ապրիլյան քառօրյային նահատակված հերոսների հիշատակը հարգեցին «Շիրակ պանթեոն» այցելելով, խնկարկելով ու նրանց շիրիմներին դափնիներ խոնարհելով: Շիրակի մարզը միայն ապրիլյան պատերազմի ընթացքում 14 զոհ է տվել, որից՝ 7-ը Գյումրիից: Թալիշի պաշտպանության ժամանակ վիրավորված ու Մուրացանի զինվորական հոսպիտալում մահացած ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հայրը՝ Արթուր Ստեփանյանն ասաց, որ օրըստօրե վիշտն ու կսկիծն ավելի են խորանում:
«Մենք մեր ամբողջ կյանքն էինք կապել մեր միակ արու զավակի հետ, մեր լուսաբացն ու մայրամուտն ամբողջովին կապված էր իր հետ, հիմա պատկերացրեք՝ ինչը կարող է փոխվել մեր կյանքում, ոչ մի լավ բան: Միակ սփոփանքն այն է, որ մեր տղան իր կյանքը զոհեց հանուն այս օրվա, որպեսզի մարդիկ ապրեն, շնչեն և հիշեն իրեն: Միակ սփոփանքն այն է, որ մեր տղաները զոհվեցին որպես իսկական տղամարդիկ, որպես իսկական հերոսներ, չվախեցան նույնիսկ ամենաթանկը զոհաբերել հանուն իրենց բռնած գործի, իրենց սուրբ պարտականության, իրենց սուրբ գործի»:
Հիշեցնենք, որ 1993 թվականին ծնված Մերուժանը Թալիշի պաշտպանության ժամանակ 3 հոգու հետ հակառակորդի բանակից 20 հոգու էր ոչնչացրել ու ծանր վիրավորվել: Երկու ամիս անց Մերուժանի հարսանիքն էր լինելու:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ