Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տղայի արյան վաստակած մեդալն է դա, պետք է տային, ինչի՞ արժանի չի». Արմենակ Ուրֆանյանի մայրը դժգոհում է. (Տեսանյութ)

Ապրիլ 02,2018 14:26

Այսօր Եռաբլուրի պանթեոն որդու՝ 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի շիրիմին էր այցելել նրա մայրը՝ Համեստ Ներսիսյանը, թոռան՝ 8 ամսական Էդիտան գրկին: Էդիտան Արմենակի եղբոր դուստրն է: Մոր խոսքով՝ երեխան ոչ թե սփոփանք է, այլ՝ զբաղվածությունն է որոշակի ապահովում, ոչինչ չի սփոփում ցավը. «Դա չի նշանակում, որ մոռանում ես, փոքրիկի ամեն շարժը ինչ-որ մի բան հիշեցնում է Արմենակի մանկությունից: Էդիտան ինձ շարունակողն է լինելու, հորեղբորը հիշեցնողն է լինելու»:

Նա ասաց, որ վերջին անգամ որդու հետ խոսել է երկու տարի առաջ ապրիլի 1-ին. «6-ից 10 էր պակաս, ես աշխատանքի էի, զբաղված էի, զանգել էր ինձ, կատակ էր անում, խաբում էր ապրիլի 1-ի կապակցությամբ: Ասացի՝ Արմեն ջան, լավ, բալես, գործի եմ, աշխատանքս վերջացնեմ՝ կխոսենք ու այդպես էլ չխոսեցի»:

Մեր հարցին՝ պետության կողմից բավարար ուշադրություն կա՞ իրենց նկատմամբ՝ նա պատասխանեց, որոշ չափով բավարարված իրեն զգում է, որոշ չափով՝ ոչ: Թե ինչը չի բավարարում՝ մայրն ասաց. «Իմ տղայի վաստակած մեդալը, Ազգային հերոսի կոչումը, դրանով էլ ես չեմ սփոփվի, բայց ինքը վաստակել է»: Ըստ նրա, իր որդուն պետք է վաղուց Ազգային հերոսի կոչում տային՝ առանց մտածելու նույնիսկ: Մեր հարցին, թե ի՞նչն է խանգարում, որ այդ քայլին չեն գնում՝ նա վիրավորված պատասխանեց. «Չեմ կարող ասել, երեւի մտածում են արժանի չի»:

Նա ասաց, որ անարդարության զգացում ունի: Հարցին՝ ի՞նչն եք համարում անարդար, որ այն մարդիկ, որոնք Ազգային կամ Արցախի հերոսի կոչում են ստացել, նրանց շարքում կարող էր ձեր տղան էլ լիներ, թե՞ գտնում եք, որ կան անարժաններ, որ ստացել են՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով ոնց է ստացել, արժանի է, թե ոչ, բայց միանշանակ իմ տղային առանց մտածելու պետք է առաջինը՝ հենց առաջին տարին պետական ինչ-որ օրվա կապակցությամբ պետք է տային: Հիմա երեւի երկրի նախագահն անարժա՞ն է գտնում իմ տղային, որ չի տալիս: Բարձրագույն պարգեւներ, մրցանակներ ստացել է, բայց ե՛ւ Արցախի հերոսինը չեն տվել, ե՛ւ Հայաստանինը: Չէր մեղմանալու մեդալով իմ ցավը, դուք ինձ ճիշտ հասկացեք, ես ծնող եմ: Իմ տղայի արյան վաստակած մեդալն է դա, պետք է տային, իմ տղան հետ չի գալու, բայց ինչի՞ արժանի չի: Ես միշտ սա ասելու եմ, մինչեւ ինձ բացատրեն՝ պատճառն ի՞նչ է»:

Հետաքրքրվեցինք՝ փորձե՞լ է պետական մարմիններին իր դժգոհությունը տեղ հասցնել եւ ի՞նչ պատասխան է ստացել: Մայրն ասաց. «Ինչո՞ւ համար պետք է ես դիմեմ, իրենք տեղյակ չե՞ն որը որից հետո է»:

Հարցին՝ նախարարին փորձե՞լ եք հանդիպել եւ ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ, չէ՞ որ դուք դրա իրավունքն ունեք՝ նա պատասխանեց. «Իրենք ոչ ասում են չէ, ոչ ասում են՝ հա, ոչ մերժում են, ոչ տալիս: Իրենք ասացին, որ բոլոր պատերազմներում էլ մենք Ազգային հերոսներ ունենում ենք, դա նրանց պատասխանն է, բայց ոչ ոք էլ ոչ մի բան չի ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30