Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց շքանշանի քառօրյայի վանաձորցի հերոսը՝ Հովհաննես Պողոսյանը

Ապրիլ 02,2018 13:49

2 տարի առաջ այս օրն էր, երբ դեռ 20 տարեկանը չբոլորած շատ տղաների համար, ճակատագիրն այլ ճանապարհով ընթացավ: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էր, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ: Այդ օրերին շփման գծի ողջ երկայնքով ընթացան մարտեր:

Արցախի բարձունքը պաշտպանող զինվորների համար կյանքը բաժանվեց մինչ ապրիլի 2 եւ ապրիլի 2-ից հետո…

Վանաձորցի Հովհաննես Պողոսյանը նույնպես պատերազմի մասնակից է: Պաշտպանելիս է եղել Թալիշի սահմանները: 1 տարի 4 ամսվա ծառայող սերժանտը ապրիլի 1-ին դիրքերում նոր էր հանձնել հերթափոխն ու իջել զորամաս, երբ մի քանի ժամ անց հակառակորդի կողմից սկսվել է հարձակումը. «Նոր էի իջել դիրքերից: Եկա զորամաս, շորերս փոխեցի, պառկեցի, որ քնեմ: Պայթյուն լսեցի: Երկրորդ հարկում էի, իջա առաջին հարկ, զգացի, որ ռումբեր են պայթում: Առավոտյան արդեն բարձրացանք դիրքեր: Բարձրացանք ու կռվեցինք մեր սահմանները պաշտպանելու համար»,-ասում է Հովհաննեսը:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, երբ իրավիճակը փոքր ինչ խաղաղվում է, Հովհաննեսը դիպուկահարի կրակոցից ոտքի շրջանում ստանում է բեկորային վնասվածք: Նրան տեղափոխում են Մարտակերտի հոսպիտալ: Բժշկական օգնություն ստանալուց հետո կրկին միանում է ծառայակից ընկերներին, սահմանը սպասում էր…

Մայիսի 13-ին կրկին վիրավորվում է, այս անգամ գլխի շրջանում: 26 օր կոմայի մեջ մնալուց հետո գիտակցության է գալիս: Իսկ առջեւում ծանր ու դժվարին օրերն էին սպասում. «4 անգամ վիրահատվել եմ գլխից: Հիմա արդեն լավ եմ զգում ինձ: Վերականգնողական կենտրոն եմ գնում, մասնագետներն ինձ հետ զբաղվում են, ինձ լավ եմ զգում»,- խորը շունչ քաշելով ու դժվարությամբ պատմում է Հովհաննեսը:

Ասում է՝ բանակն ու այնտեղ անցկացրած օրերն ամեն օր է հիշում, իսկ ծառայակից ընկերների հետ կապը միշտ է պահում. «Աստված չանի, բայց եթե հանկարծ պատերազմ լինի, էլի եմ գնալու: Ծառայակից ընկերներիս եմ կարոտում: Բանակն ուղեղիս մեջ է, ամեն օր եմ հիշում, երբեք չեմ մոռանա այդ օրերը: Պատերազմից հետո ավելի ուժեղ դարձա, ավելի վստահ, չեմ կոտրվում»:

Մինչ բանակ զորակոչվելը շատ ծրագրեր ու նպատակներ ունեցող երիտասարդը չի կոտրվում: Բանակ զորակոչվելուց առաջ 2 տարի ստացել է թատերական կրթություն: Այժմ նպատակներ ունի՝ լիարժեք բուժում ստանալուց հետո կշարունակի սովորել, նոր մասնագիտություն կստանա. «Աջ ձեռքն ու ոտքը դեռ թույլ է: Լոգոպետ է աշխատում տղայիս հետ: Քանի որ խոսքի հետ խնդիր ունի, հիմա տառերն է վերհիշում, նորից գրել ու կարդալ է սովորում: Ձախ ձեռքով է գրում, մի քիչ դժվարանում է, բայց ասում է, որ պետք է սովորեմ: Ուզում է այս տարի բարձրագույն կրթություն ստանա: Դեռ չի կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն է ուզում սովորել, բայց կսովորի անպայման»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննեսի մայրը՝ տիկին Գայանեն:

Հերոսի մայրը միաժամանակ նաեւ սրտնեղում է, ասում է պետության կողմից տղան որեւէ ուշադրության չի արժանացել. «Պետությունից ոչ մի շքանշանի չի արժանացել: Անհատ գործակալություն էր կարծեմ, միայն իրենց կողմից է արժանացել «Հայրենիքի պաշտպան» շքանշանի: Հունվարի 28-ին Վիգեն Սարգսյանը 5 կռված տղաներին կանչեց Օպերայի դահլիճում կազմակերպված համերգին: Նախարարությունում գրված է, որ Հովհաննեսը միակ տղան է, բանակի սիմվոլը, որ 2 անգամ վիրավորվել է: Բայց Վիգեն Սարգսյանը երեխաներին մի հատ չշնորհավորեց, մի հատ շքանշան չտվեց: Մենք ո՛չ փող ենք ուզում, ո՛չ օգնություն, բայց էս երեխաները մեղք են, գոնե ուշադրության կենտրոնում լինեն: Գոնե մի հատ մեդալ տան, իրենց լավ զգան»:

Իսկ պատերազմ տեսակ երիտասարդի ցանկությունը միայն մեկն է՝ խաղաղ երկինք. «Խաղաղություն եմ ցանկանում աշխարհին: Համբերություն բոլոր ծնողներին, որ իրենց տղաները ողջ ու առողջ գան տուն հասնեն: Էլ պատերազմ չլինի»,-ասաց Հովհաննեսը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30