Վերջին 10 օրում Թրամփի աշխատակազմը զգալի կոշտ գիծ է որդեգրել Կրեմլի և նրա դաշնակիցների նկատմամբ: Մեծ Բրիտանիայում ենթադրաբար Ռուսաստանի մասնակցությամբ թունավորման դեպքից հետո Միացյալ Նահանգներն իր տարածքից արտաքսեց 60 դիվանագետների և պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանցի 19 անձանց և ռուսական կազմակերպությունների նկատմամբ: Ատլանտյան խորհրդի կողմից հարցաքննված մի շարք փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կողմնակից է, գրում է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջեյմս Քոյլը:
Սա վատ նորություն է այն երկրների համար, որոնք գործ ունեն ռուսական պաշտպանական գերատեսչության հետ: 2017թ. օգոստոսին Կոնգրեսը պարտավորեցրեց շարունակել պատժամիջոցներն այդ երկրների դեմ: Չնայած նախագահ Թրամփը 2018թ. փետրվարին հրաժարվեց այդ պատժամիջոցներից, Սպիտակ տան նոր կազմը կարող է խնդիրներ առաջացնել հետխորհրդային գրեթե բոլոր հանրապետությունների համար (բացառությամբ, թերևս, Վրաստանի և Ուկրաինայի):
Կովկասում ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակից Հայաստանը վտանգի տակ է հայտնվում Ռուսաստանի և Իրանի հետ իր կապերի պատճառով: Պատժամիջոցներից հրաժարվելու Թրամփի հայտարարությունից շատ չանցած Երևանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրեց Հայաստանի կառավարությանը, որ նա պատժամիջոցների ռիսկի տակ է: Պաշտոնապես Հայաստանի կառավարությունը վարում է «կոմպլեմենտար» քաղաքականություն, որը հավասարակշռում է լավ հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Ըստ էության, սակայն, Հայաստանում տեղակայված է ավելի քան 5000-անոց ռուսական զորք, և այդ երկրի համար Ռուսաստանը ռազմատեխնիկայի կենսական աղբյուր է, փաստում է հոդվածագիրը:
Հայաստանը պաշտպանական կապեր ունի նաև Իրանի հետ: ՄԱԿ-ի պատժամիջոցները՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, խոչընդոտեցին երկու երկրների միջև ռազմական կապերը, բայց 2015թ. Միացյալ համապարփակ գործողությունների ծրագրի ստորագրումը նոր հնարավորություններ բացեց Երևանի համար: Պաշտպանության փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի ու Մովսես Հակոբյանի (այժմ՝ գլխավոր շտաբի պետ) գլխավորած պատվիրակությունը 2016թ. հունիսին մեկնեց Իրան: Ըստ մամուլի հրապարակումների՝ «այցն ավարտվեց փոխըմբռնման հուշագրի և մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք գաղտնի են պահվում»:
2017թ. սկզբին Հայաստանի նոր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այց կատարեց Իրան՝ քննարկելու ռազմական համագործակցության հեռանկարներն այդ երկրի հետ: Սարգսյանը հանդիպում ունեցավ նաև Իրանի Ազգային անվտանգության խորհրդում և այցելեց մի քանի պաշտպանական արդյունաբերական օբյեկտներ: «Հայաստանը փորձում է ընդլայնել պաշտպանության ոլորտում համագործակցությունն Իրանի հետ, և մենք հավատում ենք, որ այս այցը կնպաստի հետագա համագործակցությանը»,- ասել էր նա:
Իրանը հոկտեմբերին պատասխան այց կատարեց, երբ Իրանի պաշտպանության նախարար Նասրոլլա Քալանթարին ժամանեց Հայաստան՝ վերսկսելու հայ-իրանական ռազմական համագործակցության բանակցությունները: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին էլ ողջունեց Հայաստանի այդ նախաձեռնությունը՝ ընդգծելով երկկողմ ընդլայնված համագործակցության կարևորությունը:
Երևանը դարձել է Ռուսաստան- Հայաստան-Իրան առանցքի հիմնաքարային կետը, եզրակացնում է վերլուծաբանը: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ և ԱՊՀ ինստիտուտի Կովկասյան դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ եկել է ժամանակը՝ ստեղծելու առավել ֆորմալ պաշտպանական եռանկյունի: Դաշինքն ամրապնդելու համար 2016թ. երեք երկրները ստորագրեցին ճանապարհային քարտեզ՝ միավորվելով Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքում: Հայաստանի ազգային ակադեմիայի անդամ Արմեն Մանվելյանն էլ ասում է, որ այս գործընթացում Հայաստանը պետք է կարևորի Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությունը:
Հայաստանը փոքր երկիր է և զգում է իր առավել հզոր հարևանների աջակցությունը, բայց դա հետագծում է վտանգավոր ճանապարհ, երբ երկու երկրներ միավորվում են ամերիկյան շահերի դեմ: Եվրամիությունը ճիշտ քայլ է կատարում՝ Հայաստանի հետ ստորագրելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դառնալով այլընտրանք այս երկու հակընդդեմ ուժերի միջև: ԱՄՆ-ը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի խրախուսելու Հայաստանին՝ օգնության համար նայել դեպի Արևմուտք, եզրափակում է Քոյլը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ