«Առավոտյան մոտավորապես այս ժամերն էր, կամ մի քիչ ավելի շուտ: Երկու հակատանկային հաշվարկ և դասակի հրամանատարը մի դիրքում էինք: Տեղեկություն ստացանք, որ տանկերը մեր դիմաց են, մի քանիսն արդեն հետ են անցել: Այդ պահին կապվեցինք գումարտակի հրամանատարի հետ, որ թույլտվություն հարցնեինք: Ու բարձրացանք դիտակետ, փորձեցինք կրակել տանկերի ուղղությամբ և խոցեցինք երեք տանկ: Հինգ հոգով էինք»,-Aravot.am-ի հետ զրույցում վերհիշելով 2016-ի ապրիլի այս օրը պատմեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանը:
Թալիշի ուղղությամբ երեք տանկ խոցած Ռաֆայելը ծնունդով Ախուրյանից է, սակայն հինգ տարեկանից բնակվել է Գյումրիում: Այժմ ժամանակավոր հաստատվել է Երևանում. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժնի առաջին կուրսի ուսանող է:
Մեզ հետ զրույցում Ռաֆայելը, երբ ներկայացրեց երեք տանկ խոցելու դրվագը, հրաժարվեց խոսել իր զոհված ընկերների մասին: Միայն ասաց. «Եկեք այդ մասին չխոսենք»: Նա հավաստիացեց, որ 2016-ի ապրիլյան օրերից ամեն ինչն էլ հիշվող է, որևէ դրվագ մոռացության չի մատնվել, ամեն պահն էլ հիշողության մեջ է ու երբեք դուրս չի գա:
Հետաքրքրվեցինք՝ իր տպավորությամբ տարիներ անց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդյոք դասեր քաղե՞լ է ապրիլյան պատերազմից, մանավանդ 2016-ի ապրիլից հետո կորուստներ ունեցանք նաև Չինարիում: Այս առիթով Ռաֆայելն ասաց. «Խնդիրները միշտ էլ եղել են ու շարունակական բնույթ են կրում»:
Ռաֆայել Հովհաննիսյանին հիշեցրինք, որ ԿԳ նախարարությունը քննարկման է դրել սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության մասին ռազմավարություն: Հարցին՝ նման փաստաթղթերով աշակերտներին դաստիարակելը կօգնի՞, թե՞ ավելի շատ կխանգարի նրան, մանավանդ, որ փորձը ցույց է տալիս, որ Ռաֆայելն ու իր ընկերները, թեև նման ռազմահայրենասիրական դաստիարակություն չեն ստացել, սակայն սխրանք են գործել, Ռաֆայելը պատասխանեց. «Ամեն մի մանրուք էլ այդտեղ մեծ դերակատարություն ունի: Բայց, ամենակարևորը, մարդու մեջ պիտի լինի բնավորության այդ գիծը, քանի որ ոչ մեկ չգիտի՝ այդ պահին ինչ կարող է անել՝ անկախ այն բանից, թե իրեն ինչ են սովորեցրել, ինչ սերմանել»:
Հարցին՝ երեք տանկ խոցելու քայլն անելուց առաջ ի՞նչ էր մտածում, Ռաֆայելը ժպտալով պատասխանեց. «Ինչքան հիշում եմ մտածելու ժամանակ չեմ ունեցել, ու ոչ մեկս չենք մտածել՝ մեր անձնակազմի մասին է խոսքը: Մեր ազգի տեսակն այնպիսին է, որ սերունդը կապ չունի, ցանկացած մեկն էլ եթե լինի այդ իրավիճակում, նման քայլ կանի»:
Ռաֆայելի հետ զրույցում փաստեցինք նաև, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո դիրքեր կորցրինք ու հարցրինք՝ ի՞նչ զգացողություն է ունեցել դա իմանալով, արդյոք դիրքերի կորուստն անխուսափելի՞ էր: «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Ռաֆայելը պատասխանեց. «Ինձ թվում է՝ դիրքերի կորուստն այնքան շատ խնդիր չէ: Առաջին խնդիրն այն է, որ տղաներ զոհվեցին. այդ ուղղությամբ պիտի մտածենք, որ Աստված չանի, եթե մի անգամ էլ կրկնվի, այդքան մարդկային կորուստներ չունենանք: Դիրքերի կորուստը երկրորդական է այս դեպքում»:
Հարցին՝ վստահություն ունի՞, որ ռազմաքաղաքական պատասխանատուները դասեր քաղեցին այդ ամենից: Ռաֆայելը պատասխանեց. «Հիմա ավելի շատ պատրաստված ենք: Իսկ եթե պատրաստված ենք, երևի դասեր քաղել ենք»:
Զրույցի ավարտին խոսք եղավ այն մասին՝ արդյոք կուզի՞, որ եթե տարիներ անց որդի ունենա, նա ծառայի բանակում: Ռաֆայելը պատասխանեց. «Պիտի ծառայի էլի, եթե տղա է: Այս պահին այդպես եմ մտածում, հետո կտեսնենք՝ ոնց կլինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Ռաֆայել Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից