«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» անվամբ օրերս մեկնարկած քայլարշավը, որի նպատակն է կանխել Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում եւ ՀՀԿ-ի վերարտադրությունը, այսօր շարունակվեց Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի տարածքից:
Փաշինյանն ու իր համախոհները քայլում են ավտոճանապարհի եզրով, նրանց միանում են աջակիցներ: Փաշինյանն իրենց ուղիղ եթերով հետեւողների ուշադրությունը հրավիրեց մի շան վրա, որն ուղեկցում է քայլարշավը: Անունը Չալո է, բայց նրան նաեւ «Քայլո» են անվանում:
Շունը հաչում է անցնող ավտոմեքենաների ուղղությամբ, կարծես հսկելով քայլարշավի մասնակիցներին, Փաշինյանն էլ նրան կանչում է. «Չալո՜, արի այս կողմ, Չալոյին չբարկացնեք»:
Պատգամավորը հայտարարեց, որ Չալոն անգնահատելի ծառայություններ է մատուցում իրենց: «Գիշերը, երբ մենք ճամբար ենք խփում, նա հերթապահում է եւ մեր անվտանգությունն ապահովում: Նրա շնորհիվ գիտենք՝ ճամբարի մոտակայքում օտար մարդ կա՞, թե ոչ: Նա նաեւ սադրիչներին եւ գործակալներին է ճանաչում: Նման մեկ դեպք արդեն ունեցանք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ապա քայլարշավի մասնակիցները հասան Շիրակամուտ գյուղի վարչական տարածք: Պատգամավորը նշեց՝ տեղացիներն ահազանգում են, որ կաթի մթերման գինը բավականին ցածր է. «Երբ օլիգարխները մեծ քանակության կաթի փոշի են ներմուծում, կաթի գինն ընկնում է: Սա անասնապահությամբ զբաղվելու խթան չէ, մարդկանց հայացքը դեպի արտագնա աշխատանքն է»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ մարզային ավտոճանապարհների գազաբենզալցակայաններում խաղային ապարատներ չպետք է տեղադրվեն, քանի որ դրանք քաղաքացիներին կողոպտելու միջոց են: Փաշինյանը հավելեց, որ քայլելու են մինչեւ ապրիլի 13-ը՝ հասնելով Երեւան, որտեղ տեղի կունենա հանրահավաք:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ