Իջեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Տավուշի մարզկենտրոնի Ուսանողական, Երևանյան, Անկախության, Ազատամարտիկների եւ Վասիլյան փողոցներում շարունակվում են ծառերի եւ վարդերի տնկման աշխատանքները: Նախատեսված է տնկել 600 վարդի թուփ և 120 ուռենի:
Նախորդ տարիներին Իջեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողների կողմից տնկված վարդի թփերի մի մասը Իջեւանի բնակիչների կողմից գողացվել են:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը օրերս գրությամբ հայտնել է ոստիկանության Իջեւանի բաժին, որ քաղաքի Ազատամարտիկների հրապարակի, Իջեւանի զինկոմիսարիատի նախկին շենքի հարակից տարածքում անհայտ անձի կամ անձանց կողմից գողացվել է վարդի 18 թուփ:
Իջեւանցի ոստիկանները մարտի 29-ին հայտնաբերել են վարդի նորատունկ 18 թփերը գողացած անձին: Վերջինս Իջեւան քաղաքի բնակիչ, մոտ 30 տարեկան երիտասարդ է; Վարդերի թփերի գողը ոստիկաններին հայտնել է, որ վարդի թփերը գողացել է դրանք հետո իրենց առանձնատան տարածքում տնկելու, այն գեղեցկացնելու նպատակով:
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ