Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ
– «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին «վճռական ճակատամարտ» է հայտարարում, դուրս է գալիս փողոց` պայքարելու Սերժ Սարգսյանի վերարտադրության եւ ՀՀԿ-ական իշխանության երկարաձգման դեմ: Տարբեր ուժեր եւս համանման ակցիաներ են կազմակերպելու: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի ընդդիմախոսների հնարավորությունները:
– Շատ կուզեի լուրջ պատասխանել ձեր հարցին եւ որոշ վերլուծություն անել, բայց, ավաղ, ձեր նկարագրած իրավիճակը եւ նշած «վճռական ճակատամարտ» արտահայտությունը պարզապես քմծիծաղ են առաջացնում։ Մշտապես զարմացել եմ ոմանց դատարկ պաթոսից, իբր ի՞նչ է նշանակում «ճակատամարտ», իրենք իրե՞նց են փղերի տեղ դրել, թե՞ ուրիշներին: Մեկը հարցնի՝ իսկ իրենց հետ կռվող կա՞. չկա եւ չի լինելու, ուժերն են անհավասար։ «Ճակատամարտ»-ից խոսողների դիմաց շատ ավելի լուրջ եւ հզոր ուժ է կանգնած, եւ այդ ուժը մեր ժողովուրդն է, որը այդպես էլ չի արձագանքում հոխորտանքին, անտարբեր է, չի հավատում, հոգնել է կեղծ օրակարգերից, չի կանգնում «ճակատամարտի» գնացողների կողքին, ուրեմն «վճռականը» եւս դառնում է դատարկ փուչիկ: Մեր հասարակությունը այդպիսի՞ «վճռականների է» տեսել։ Մեր հասարակությունը շատ ավելի խելամիտ է եւ իմաստուն, քան որոշ «վճռականներ»։
Մի մոռացեք, որ ԱԺ ամբիոնը ձեր նշած ուժի ներկայացուցիչն է լիուլի օգտագործում եւ՝ շատ «վճռական»։ Բոլոր հեռուստաընկերությունների էկրաններին իրենք են, բոլոր ռադիոկայաններում եւ կայքերում լիուլի լուսաբանվում են՝ վճռական, առավոտից իրիկուն։ Ուրեմն՝ լավ կանեն վճռականորեն վերադառնան տրամաբանական դաշտ։ Ոմանք, կարծես, նաեւ գրագետ են, հուսամ՝ կարդացել են երկրի գլխավոր օրենքը, ԱԺ Կանոնակարգ-օրենքը։ Հուսամ՝ կարդացել են եւ այն, թե խորհրդարանական ո՞ր քաղաքական ուժը ունի հնարավորություն, պարտականություն եւ իրավունք առաջադրելու երկրի վարչապետ խորհրդարանական կառավարման համակարգում, տեղյակ են նաեւ, որ խորհրդարանական ընտրությունները եղել են ուղիղ մեկ տարի առաջ, եւ ՀՀԿ-ն ստացել է մեծամասնություն ձեւավորելու իրավունք եւ պարտականություն, նաեւ՝ այդ ընտրությունների արդյունքում են իրենք եկել խորհրդարան։ Հիմա ի՞նչ, մեկ տարի անց հակասահմանադրակա՞ն ճանապարհն են ուզում: Չի լինելու: Նաեւ այն պատճառով, որ մեկ ամբողջությամբ վերցրած 9 հոգիանոց իրենց խմբակցությունում անգամ իրենք չունեն մեծամասնություն։ Ուրեմն ի՞նչ փոթորիկ է մեկ բաժակ ջրում, ի՞նչ իրարանցում։
– Ըստ «Քաղաքացիական պայմանագրի» անդամների՝ ապրիլի 9-17-ը իշխանությունը փողոցում ընկած է լինելու, ժողովրդին մնում է գնալ եւ վերցնել: Գուցե հաջողվի՞:
– Նախ, ինչ վերաբերում է ժողովրդին՝ ժողովուրդն ունի իշխանություն, այն վերցրել է 2017-ի ապրիլի 2-ին եւ տեր է լինելու մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ։ Խնդրում եմ, այդպիսի մոլորության մեջ գտնվողներին Սահմանադրության մեկական օրինակ նվիրեք, կամ գուցե ինքս նվիրեմ, որ նորից ու կրկին կարդան, նշումներ անեն ու լավ հիշեն հիմնականը՝ ՀՀ գործող նախագահի պաշտոնի ժամկետի ավարտից հետո եւ մինչ նոր կառավարության ձեւավորումը երկիրը շարունակում է ունենալ Ազգային ժողովի նախագահ (հիշեցնեմ՝ մենք այլեւս խորհրդարանական կառավարման անցած երկիր ենք), ունենալու է խորհրդարանի կողմից ընտրված եւ արդեն իսկ երդված (ապրիլի 9-ին) ՀՀ չորրորդ նախագահ, ունենալու է գործադիր մարմին, ի վերջո՝ ունենալու է պետական կառավարման բոլոր մեծ, փոքր եւ միջին օղակները, որոնք շարունակելու են աշխատել իրենց լիազորությունների շրջանակներում, իշխանության բոլոր օղակներն ու մարմինները աշխատում են այսօր եւ աշխատելու են նաեւ ապրիլի 9-ից հետո։
Դե, իսկ եթե «վճռականները» համոզված են, որ գործող նախագահը անփոխարինելի է, ապա դա ինձ միայն հաճելիորեն ուրախացնում է։
– Չեն դադարում նաեւ զինված պայքարի կոչերը. «Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանը կրկին նման կոչով հանդես եկավ: ՀՀԿ-ի ընդդիմախոսներին անգամ բանտը չի կաշկանդում։
– Զինված պայքարի բոլոր կոչ անողներին եւ նման հեռանկարի երազանք ունեցողներին, եթե կարգավիճակս եւ իմ տեսակը չկաշկանդեր, մի երկու «տղայական» սուր խոսք կասեի մեծ հաճույքով, բայց բավարարվեմ այսքանով՝ զինված պայքարի բոլոր կոչ անողները լավ կլինի սսկվեն, այո, սա Հայաստանն է, զինվածները սահմաններն են պահպանում եւ հարկ եղած դեպքում կռվում են, զոհվում եւ հերոսանում մեր պետության սահմաններն ամուր եւ ապահով պահելով։ Փողոցներում զինվածներն անելիք չունեն, փողոցներում զինվածները կարող են միայն դասալիքները լինել։ Տեսել ենք՝ զոհերի հարազատների աչքերին ինչպես են նրանք նայում, տեսել ենք, թե ոնց են հետո զոհերի հարազատներին փորձում իրենց անձնական նկրտումներում շահարկել, տեսել ենք, հերիք է, լավ կանեն լռեն։ Հարկ եմ համարում շեշտել՝ նրանք ոչ ՀՀԿ-ի եւ ոչ էլ ընդհանրապես ընդդիմախոսներ են, նրանք մեր պետության անվտանգությունը թուլացնելու նպատակ ունեցողներն են, չի հաջողվելու, որովհետեւ, այո, սա Հայաստանն է, եւ մենք սխալներ անելու իրավունք չունենք, նաեւ՝ թույլ չենք տա ուրիշները սխալներ անեն, դա շատ մեծ ճոխություն կլինի եւ կուրախացնի մեր թշնամիներին, իսկ մենք չենք ուզում նրանց ուրախացնել։ Հուսամ՝ նաեւ զինված պայքարի կոչ անողները, երբ ի վիճակի են լինում սթափ լինել։
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
31.03.2018
Ապրես !!!
Բա ես ինչքան եմ ուզում մի երկու տղայական խոսք ասել Ձեզ տիկինՄարգարիտա