Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլից հետո հայկական շահերի հանդեպ ոտնձգությունները կակտիվացվեն ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում»

Ապրիլ 02,2018 14:30

Նման մտահոգություն ունի ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

19-ամյա Ասյա Խաչատրյանի հետ Արցախի Հանրապետությունում (ԱՀ) կատարվածը, ԱՀ իրավապահների գործողությունները ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին հիշեցրին ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու եւ խոշտանգումների ենթարկելու դեպքը կամ Ժիրայր Սեֆիլյանի հետ միասին Արցախ մեկնած բազմաթիվ մարդկանց ՀՀ-ԱՀ հենց սահմանին դաժանաբար ծեծելու աղմկահարույց միջադեպը:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Մելիքյանը փաստեց, որ այս բոլոր դեպքերը, ըստ էության, կատարվել են իրավապահների թողտվությամբ կամ մասնակցությամբ. «Դրանք այդպես էլ իրավական հետեւանքներ չեն ունեցել կազմակերպիչների համար: Ուստի միանգամայն հավանական եմ համարում, որ նաեւ Ձեր կողմից նշված դեպքում իրավապահները կարող էին գործել ոչ թե օրենքի, այլ սեփական «գեղագիտական» նախասիրությունների շրջանակներում: Բայց կոնկրետ Ասյա Խաչատրյանի հետ կապված որեւէ օբյեկտիվ մեկնաբանություն տալ չեմ կարող»:

Անդրադարձ կատարեցինք նաեւ այն փաստին, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի մակարդակով հայտարարություններ էին հնչել, թեեւ ՌԴ ռազմարդյունաբերության դեմ ԱՄՆ պատժամիջոցը խնդիր է, բայց Հայաստանն էլ ունի անվտանգության հարց եւ կշարունակի ՌԴ հետ ռազմատեխնիկական գործակցությունը: Հետաքրքրվեցինք՝ չի՞ կարծում, որ այն կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար՝ հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխության տեսքով, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Հայաստանի ներկայիս իշխանական վերնախավը վարում է արձագանքային քաղաքականություն եւ այդ իսկ պատճառով ոչ թե կանխում է երկրի համար վտանգավոր զարգացումները, այլ ամեն անգամ մեզ դարձնում է դրանց պատանդը: Այժմ ուշ է խոսել այն մասին, թե արդյոք հնարավո՞ր էր ԱՄՆ-ի կողմից ՌԴ հանդեպ պատժամիջոցների կիրառման պարագայում Հայաստանը զերծ պահել դրանց բացասական ազդեցությունից: Չեմ էլ կարծում, որ մեր պատասխանատուներն այս ուղղությամբ որեւէ ծրագիր մշակելու միտք են ունեցել երբեւէ: Սա դե ֆակտո իշխանությունների համար բնորոշ վիճակ է, եւ նրանցից ավելին ակնկալել անիմաստ է»:

Այն, որ սկզբում լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանում դժգոհ են ռուսական զենքի որակից, այնուհետեւ ադրբեջանական լրատվամիջոցներով հերքվեց այդ տեղեկությունը, պարոն Մելիքյանը համարում է ցավոտ հարված Ռուսաստանի` որպես զենք արտադրող եւ այն միջազգային շուկայում վաճառող երկրի վարկին: Այնուհետեւ Արման Մելիքյանը հավելեց. «Այս դեպքում անգամ Բաքվի պաշտոնական հերքումներն ի զորու չեն լինի չեզոքացնելու խոտան սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ նախապես տարածված մեղադրանքների բացասական ազդեցությունը: Հիշենք, որ ռուսական զենքի գնորդ են հիմնականում ԱՊՀ եւ, այսպես կոչված, երրորդ աշխարհի պետությունները, իսկ նրանց բոլորի համար էլ Ադրբեջանի անունից տարածվող այսօրինակ տեղեկատվությունը կարող է միանգամայն արժանահավատ համարվել, ինչը բացասական ազդեցություն կունենա Ռուսաստանի համար` առնվազն դրա արդյունքում սպառազինությունների վաճառքի ծավալների հնարավոր կրճատման տեսանկյունից»:

Պարոն Մելիքյանին հիշեցրինք ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությունը, թե ՌԴ-ն բալանսի խախտման հետ կապված հետեւություններ է արել եւ Հայաստանին ամենաժամանակակից զենքերն է տրամադրել պաշտպանության համար: Հարցրինք՝ սա նշանակում է՝ Ադրբեջանին այլեւս զենք չե՞ն վաճառելու, թե՞ նման բան չկա այս հայտարարության խորքերում: ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը պատասխանեց. «Մինչ օրս Ռուսաստանը ժամանակակից սպառազինություն է վաճառել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, եւ ես առայժմ չեմ տեսնում այն բանի երաշխիքները, որ ռուսներն իրոք գործնականում կդադարեն զինել ադրբեջանական կողմին: Անշուշտ, լավ է, որ ՌԴ խորհրդարանի որոշ անդամներ այսօրինակ հավաստիացումներով են հանդես գալիս, բայց սա իրենց անմիջական պատասխանատվության ոլորտը չէ, ու եթե մի գեղեցիկ օր ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը հայտարարի, որ պաշտոնական Բաքվի հետ համաձայնություն է ձեռք բերվել նոր մատակարարումներ իրականացնելու վերաբերյալ, ապա պարոն Զատուլինի հավաստիացումները ջրին կգրվեն: Այլ հարց է, եթե ՌԴ Պետական դուման օրենսդրորեն սահմանափակի սեփական կառավարության ակտիվությունն Ադրբեջանին զենք վաճառելու հարցում: ՌԴ Պետդումայի կողմից օրենսդրական արգելքն այս հարցում ծանրակշիռ քայլ կլիներ եւ ցույց կտար, որ Մոսկվան պատրաստ է լիարժեք կերպով աջակցել իր ռազմավարական դաշնակից Հայաստանին»:

Արման Մելիքյանը մտավախություն ունի, որ ապրիլից հետո հայկական շահերի հանդեպ ոտնձգությունները կակտիվացվեն ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում. «Այս համատեքստում հավանական է, որ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների կիրառման շրջանակների ընդլայնումը կարագացնի նաեւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ընթացքը»:

Պարոն Մելիքյանի հետ քննարկեցինք նաեւ սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը, որը նոր է ներկայացվել ԿԳ նախարարության կողմից: Այս առիթով պարոն Մելիքյանն ասաց. «Ազգային իշխանական վերնախավն առաջին հերթին սեփական օրինակով է դաստիարակում երիտասարդ սերունդներին: Երբ գողն ու խաբեբան են ազնվություն քարոզում, վախկոտը` արիություն, մարմնավաճառը` առաքինություն, իսկ մարդասպանը` գթասրտություն, ապա նրանցից եկող որեւէ գրավոր կամ բանավոր հորդոր ուժ եւ ազդեցություն ունենալ չեն կարող»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

31.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30