«Մենք երեխաներին գազան չենք սարքում»,- մեզ հետ զրույցում «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն» նախագծի մասին ասաց դրա հեղինակը՝ Արթուր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է ռազմահայրենասիրական դաստիարակություն ներդնել հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում եւ քոլեջներում:
Եվ որպես փաստաթղթի ընդունման անհրաժեշտություն՝ հեղինակները նշել են ներքին մի շարք մարտահրավերներ՝ «Հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության եւ զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը, անկարգապահությունն ու անդաստիարակությունը, դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսեւորումների աճը (փողոցային արատավոր բառամթերքի օգտագործումը եւ համապատասխան վարքագծի դրսեւորումը), արտագաղթը, տնտեսության դանդաղ զարգացումը՝ պայմանավորված վերը նշված գործոններով, թմրամոլությունը, թունամոլությունը, սեռական այլասերվածությունը»:
Փորձագետները կարծիք են հայտնել, որ այս ռազմավարությունը չի կարող իրավական լինել, եւ այն աճող սերնդին պատրաստում է պատերազմի:
Կրթության եւ գիտության նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության առաջատար մասնագետ Արթուր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե հատկապես ի՞նչն է դրդել նման ռազմավարություն մշակելուն:
Կարապետյանը նախ բավականին վրդովված ասաց՝ նրանք, ովքեր քննադատում են, փորձում են միտումնավոր սեւացնել, որից էլ ընթերցողը կարծում է, թե սա համաշխարհային դավաճանություն է. «Ովքեր ասում են՝ իրավական ձեւակերպում չի այս փաստաթուղթը, ուրեմն կիլոմետրերով հեռու են իրավաբանական գործընթացներից, որովհետեւ փաստաթուղթը գտնվում է այն փուլում, որտեղ այդ մարդիկ կարող են առաջարկներ ներկայացնել: Եթե ողջախոհ առաջարկ լինի, մենք այն կքննարկենք»:
Ներքին մարտահրավերներից՝ «օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենց» տողը, ինչպես վստահեցրեց Կարապետյանը, հանել են, բայց կայքից դեռ չեն հասցրել հեռացնել:
Ապա Կարապետյանը բացատրեց. «Մենք ուզում ենք նախնական զինվորական պատրաստվածության ուսուցչին, որին ՊՆ ռեզերվից ենք վերցնում, ու որը չունի մանկավարժական կրթություն, համապատասխան գիտելիքներ ու փորձ տանք, որ նոր մտնի դպրոց: Կլինեն նորարարական ու պահպանված մեթոդներ: Այդ չափավոր պահպանողական մեթոդը որ գրել ենք…մենք ունենք դարերի խորքից պահպանված մեթոդներ եւ նոր մեթոդներ: Եթե մենք ունենում ենք կոկիկ, օրինակելի ղեկավար դպրոցում, սա լա՞վ է, թե՞ վատ: Ռազմահայրենասիրական բառը տեսնում են, հերիք ա՝ ցնցումների մեջ ընկնեն»: Կարապետյանն ասաց, որ կարեւորը գործողություններն են, իսկ ներածությունն ու մարտահրավերների մասը ուղղակի դառնալու են փաստաթղթի պատմություն: Իսկ գործողությունները նոր մեթոդական ձեռնարկ ստեղծելն է, մանկավարժներին պատրաստելը, դասավանդման ձեւաչափի փոփոխությունը եւ մեթոդաբանության խորհրդի ստեղծումը:
Մեր այն հարցին՝ ինչպե՞ս են որոշել, որ այդ դեռահասների շրջանում անդաստիարակության, այլասերվածության աճի միտում կա, արդյոք ունե՞ն պաշտոնական վիճակագրություն, Կարապետյանը պատասխանեց. «Մենք ունենք բազմաթիվ ուսումնասիրություններ, դուք չեք պատկերացնում, թե նախարարությունում ինչքան գրություններ, դիմումներ ու բողոքներ են գալիս, ունենք որոշակի հավաքած բազա: Լրագրողներն էլ բազմիցս գրում են, որ այսպիսի մթնոլորտ գոյություն ունի: Ռազմավարությունը չի բացառել դաստիարակվածության մթնոլորտը, չի բացառել նորմալ մարդու գոյությունը, մենք գրում ենք, որ երեույթը կա, ու եթե փոփոխությունն անենք, կկարողանանք կրճատել»:
Մեր այն հարցին էլ՝ արդյոք այս ռազմավարությունը ներդրվելու է նաեւ մասնավո՞ր դպրոցներում, ասենք՝ «Այբ»-ում, մասնագետը պատասխանեց. «Դա տարածվելու է բոլոր դպրոցների վրա, կարող է մասնավորի մոտ ձեւաչափը մի քիչ ուրիշ լինի, հետագայում ծրագրերի խնդիր է»:
Ռազմավարության ներածությունում գրված է. «Ռազմավարությունն ուղղված է ՌՀԴ իրականացման կայուն զարգացման ապահովմանը՝ նպաստելով գործունյա, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու ձեւավորմանը, հայոց բանակում պատանիների ծառայության նախապատրաստմանն ու պարտքի զգացումի ձեւավորմանը, ազգային արժեքների գիտակցմանը, հայրենիքի հանդեպ նվիրվածության գիտակցմանը, կարգապահության ամրապնդմանը, հայրենիքը թշնամուց պաշտպանելու գիտակցմանը…»:
Արդյոք այս ռազմավարությունը երեխաներին չի՞ պատրաստում պատերազմի, մտահոգություններ էլ են հնչել, որ այսպիսով ռազմականացված պետության ճանապարհին ենք, Կարապետյանը պատասխանեց. «Ոչ թե երեխաներին պատերազմի պատրաստելու խնդիր է, այլ մենք գնում ենք ռազմագիտություն առարկան որպես գիտություն, կրթություն իրականացնելու ճանապարհով, միաժամանակ դաստիարակության գործընթացով: Գրված է նաեւ՝ բարոյական արժեքներով օժտված, համաշխարհային արժեքները ազգային արժեքներին համադրելով: Այսինքն՝ այս մարդուն գազան չենք սարքում, էդ մարդը դառնալու է այնպիսի մարդ, որ ինքը գիտակցի այս արժեքների կարեւորությունը, ու ինքը գտնի՝ եթե իր հայրենիքը պաշտպանելու կարիք ունի, ինքը ներկա լինի, գա մասնակցի: Դա երեխային տալիս ենք բոլոր առարկաների գծով, Հայոց պատմությունում ներկայացնում ենք հերոսական կերպարներ: Մի քանի տասնամյակ առաջ գնանք, 3-րդ դասարանից ունենք այդպիսի թեմաներ: Դրանից չի բխում, որ մենք երեխաներին պատրաստում ենք պատերազմի: Տալիս ենք մի բան, որ գնահատի իրավիճակը, որ հարեւան պետությունը բացահայտ նկրտումներ ունի տարածքային ամբողջականության նկատմամբ: Մենք էդ երեխային մարտական զե՞նք ենք տվել, տարել առաջնագիծ ու ասել՝ տեսեք ո՞նց են կռվում, մարդ խփում: Ոչ»:
Ապա մենք պարոն Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ դուք հայրենասե՞ր եք, հայրենիքը պաշտպանելուն պատրա՞ստ եք: «Ես 9-րդ դասարանից եմ մասնակցել մարտական գործողություններին»: Մեր հարցին՝ այդ քայլին ձեզ նախապատրաստե՞լ էին նմանատիպ ռազմավարությամբ, որը հայրենասիրություն կառաջացներ ձեր մեջ, նա պատասխանեց. «Ես սովետական դպրոցն եմ անցել, դաստիարակվել, որտեղից բավականին տպավորիչ բաներ գիտեմ իմ երկրի մասին: Որեւէ մեկս առիթ չունենք մեր երկիրը չսիրելու»:
Կարապետյանը օրինակ բերեց օտարերկրյա դպրոցները՝ նշելով. «Արտասահմանյան դպրոցում «դրես-կոդով են», իսկ մենք թողնենք մեզ մոտ ով ինչ ուզի՝ հագնի՞: Այսինքն՝ մենք գալիս ենք զսպվածության, տոտալիզմի գաղափարին, եթե դրանք վատ բաներ լինեին, այդ նշանակալի դպրոցներում չէին լինի: Ես ուսումնասիրել եմ, թե Ադրբեջանում ինչպես են նախազորակոչային շրջանում պատրաստում: Այսօր պետական ապարատում բոլորը կողմ են այս բարեփոխումներին, որպեսզի մենք ունենանք լավ ուսուցչական կազմ, ունենանք լավ ձեռնարկներ: Ռազմահայրենասիրական բառից պետք չէ սարսափել»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
31.03.2018